ՄԻԵԴ-ը բավարարել է «Եհովայի վկաների» հայցն ընդդեմ Հայաստանի. ՀՀ-ն վճարելու է 112.000 եվրո

16

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2012թ-ի նոյեմբերի 27-ին բավարարել է հայաստանաբնակ 17 «Եհովայի վկաների» հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, առ այն, որ ՀՀ զինված ուժերում ծառայելն իրենց կրոնական համոզմունքներին դեմ է:
Ըստ այդմ՝ ՀՀ կառավարությունը պարտավորված է նրանցից յուրաքանչյուրին վճարել 6.000–ական եվրո։ Կառավարությունը պարտավոր է նաև նրանց բոլորին միասին վճարել 10 000 եվրո՝ դատական ծախսերը հոգալու համար:

ՄԻԵԴ-ը քննել է «Խաչատրյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը, որում ներգրավված էին 19 մարդ,նրանցից երկուսին ՄԻԵԴ-ը մերժել է:

ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում (http://www.echr.coe.int/echr/homepage_EN) նշվում է, որ 19 «Եհովայի վկաներ» դիմել էին ՀՀ իշխանություններին՝ իրենց նկատմամբ կիրառել 2004թ. ընդունված «Այլընտրանքային ծառայության մասին օրենքը»՝ հաշվի առնելով իրենց կրոնական համոզմունքները, համաձայն դրանց, իրենք չեն կարող զենք կրել:

Ըստ այդմ, ՀՀ իշխանությունները նրանց տեղաբաշխել էին ՀՀ ԶՈւ տարբեր ստորաբաժանումներում, օրինակ՝ հիվանդանոցներում, ծերանոցներում և բուժարաններում:

Սակայն 2005-ի մայիս-հունիս ամիսներին «Եհովայի վկաները» հայտարարել են, որ այդ հաստատությունները նույնպես գտնվում են ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ, որի պատճառով էլ իրենց համոզմունքներին դեմ է ծառայել նաև այդ հաստատություններում։

«Եհովայի վկաները» բողոքել են, որ այս քայլով ՀՀ իշխանությունները ոտնահարել են իրենց անվտանգությունն ու ազատությունը:

Ընդգծենք, որ ՀՀ կառավարությունը 2007-ի հունվարից մինչ օրս ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կայացված վճիռների արդյունքում պետական բյուջեից վճարվել է ավելի քան 200 000 եվրոյին համարժեք դրամ, և ավելի քան 40 000 եվրոյին համարժեք դրամ պետք է վճարվի վերջին վճիռներով: