Ձայնագրությունը լրջորեն վնաս կհասցնի ՀԱԿ-ի, միգուցե նաև ԲՀԿ հեղինակությանը. Ս. Սաֆարյան

9

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի խոսակցության գաղտնալսման և դրա հնարավոր հետևանքների մասին «Ազատ Ձայն» լրատվականը խոսեց «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի հետ: Սաֆարյանը կարծում է, որ այս ձայնագրությունը լրջորեն կվնասի ՀԱԿ-ին:

Պրն Սաֆարյան, ի՞նչ եք կարծում ձայնագրությունն ավելի շատ վնասում է ՀԱԿ-ին, թե իշխանությանը:

-Կարծում եմ զրույցի գաղտնալսումը հավասարապես վնասում է թե՛ իշխանությանը, թե՛ ՀԱԿ-ին: Սակայն, եթե այն խոշոր հաշվով նոր շտրիխ չի ավելացնում իշխանության դիմանկարին /որպես հակաօրինական ու հակաժողովրդավարական մեթոդներով գործող/, ապա հաստատապես շատերի մոտ փոխում է ՀԱԿ-ի իմիջը:

Երևույթի մասին ձեր կարծիքը ո՞րն է:

-Մերժելի է գաղտնալսել քաղքական գործիչների զրույցը, եթե այն հանցագործության կամ դրա կազմակերպման չի վերաբերում: Ակնհայտորեն այս զրույցը այդ շարքից չէ, հետևաբար անբարո է այն հրապարակայանացնելը:

Կարող ենք համարել, որ այս ձայնագրությունը ՀԱԿ-ի վերջն էր, ինչ-որ չափով էլ ԲՀԿ-ի:

-Ձայնագրությունը, կարծում եմ, լրջորեն վնաս կհասցնի ՀԱԿ-ի, միգուցե նաև ԲՀԿ հեղինակությանը: Բայց այն առավելապես հղի է նեկուսակցական ռազբորկաներով և կարծում եմ հաշվարկը հենց դա է: Հնարավոր է, որ երկու ուժերում ներքին որոշակի շրջանակներ հաշվետվություն պահանջեն զրուցակիցներից: