Հոկտեմբերի 12-ի ժամը 14.30-ի դրությամբ փրկարարները Տավուշի մարզի սողանքային գոտում հայտնված կոնտեյներից դուրս են բերել «Շինվան 504» մակնիշի չորս փոքր տրակտոր:
Մինչ օրս սողանքից դուրս է բերվել տարբեր մակնիշի ու բեռնատարողության 27 ավտոմեքենա:
Դեպքի վայրում աշխատող փրկարարներին այսօր միացել է ևս 31 փրկարար` Կոտայքի մարզից:
Սողանքային գոտու 6 տեղամասերում որոնողական աշխատանքները շարունակվում են, հաղորդում են ԱԻՆ-ը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:
Հայտնաբերվել է երեք դի, այս պահի դրությամբ անհայտ կորածների ցանկում դեռ կա երկու հոգի: