ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ միաձայն հաստատել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆֆերնի թեկնածությունը:
ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ջոն Հեֆֆերնը մինչ այդ աշխատել է Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպանատանը։ Նա աշխատել է նաև Ճապոնիայում, Մալայզիայում, Չինաստանում։
Դիվանագետը 1994-1996 թվականներին եղել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Ասիայի հարցերով ենթահանձնաժողովի անդամ: Զբաղեցրել է ղեկավար պաշտոն նաև ԱՄՆ պետական քարտուղարությունում։
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածությունը: Սակայն Ռիչարդոնեի թեկնածության դեմ են քվեարկել դեմոկրատական կուսակցության անդամներ, սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Բարբարա Բոքսերը և հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը: