Հայ-իռլանդական հարաբերությունները ակտիվանում են

11

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Հուլիսի 14-ին այցելեց Իռլանդիա: Դուբլինում տեղի ունեցան Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Իռլանդիայի օրենսդիր եւ գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Էյմոն Գիլմորի հետ հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկումներ ծավալվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգի ձեւավորման շուրջ : Քննարկվեցին տարածաշրջանային, միջազգային ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հաշվի առնելով հաջորդ տարի Իռլանդիայի կողմից ԵԱՀԿ նախագահության ստանձնումը՝ անդրադարձ կատարվեց կազմակերպության առաջնային հարցերին:

Էդվարդ Նալբանդյանն ու Էյմոն Գիլմորը երկուստեք նշեցին, որ, չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանն ու Իռլանդիան շատ քաղաքակրթական, մշակութային ընդհանրություններ ունեն, եւ դա կարող է լավ հիմք ծառայել միջպետական հարաբերությունների զարգացման համար:

Հատուկ նշվեց երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի ամրապնդման կարեւորությունը, գործարար շրջանակների համար նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությունը: Նախարարները պայմանավորվեցին կոնկրետ քայլեր ձեռնարկել երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, անդրադարձան տնտեսական ոլորտի համագործակցության հնարավոր ուղղություններին: Այս տեսանկյունից երկուստեք կարեւորվեց հանդիպումից առաջ ստորագրված «ՀՀ կառավարության և Իռլանդիայի կառավարության միջեւ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը:

Հայաստանի եւ Իռլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց ունեցան ԵԱՀԿ օրակարգային հարցերի վերաբերյալ: Էյմոն Գիլմորը ներկայացրեց ԵԱՀԿ-ում իռլանդական նախագահության առաջնահերթությունները, կազմակերպության նպատակների իրականացմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերը: Էդվարդ Նալբանդյանը ասաց, որ Հայաստանն աջակցություն կցուցաբերի ԵԱՀԿ-ում իռլանդական նախագահությանը:

Հայաստանի արտգործնախարարն իր իռլանդացի գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Զրուցակիցները անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը, այդ շրջանակում իրականացվող ծրագրերին եւ հարաբերությունների զարգացմանն ուղղված նախագծերին:

Նախարարներ Նալբանդյանն ու Գիլմորը մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի ակտուալ խնդիրների՝ Մերձավոր եւ Միջին Արեւելքում տեղի ունեցող հնարավոր զարգացումների վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանն իր իռլանդացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:

Դուբլինում Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաեւ Իռլանդիայի խորհրդարան, ուր հանդիպում ունեցավ Խորհրդարանի վերին ու ստորին պալատների արտաքին հարաբերությունների համատեղ հանձնաժողովի նախագահ Փեթ Բրինի եւ հանձնաժողովի անդամների հետ:

Իռլանդացի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ ընդգծվեց խորհրդարանական փոխգործակցության կարեւորությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Իռլանդացի պատգամավորների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, Հայաստանի մոտեցումները մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Փեթ Բրինը տեղեկացրեց, որ երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցությունը խթանելու նպատակով Իռլանդիայի օրենսդիր մարմնում նախատեսվում է ձեւավորել միջխորհրդարանական բարեկամության խումբ:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց Դուբլինի Միջազգային և Եվրոպական գործերի ինստիտուտ, ուր հանդիպում ունեցավ քաղաքագիտական կենտրոնի տնօրինության հետ եւ ելույթ ունեցավ` ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները: Նախարարի ելույթին ներկա էին Իռլանդիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ եւ Դուբլինում հավատարմագրված դիվանագետներ:

Իր ելույթում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ հայ-իռլանդական ընդհանրություններին, այսօր երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերին, Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերություններին, տարածաշրջանային հարցերին:

Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Ավարտելով այցելությունը Իռլանդիա` Հայաստանի արտգործնախարարը մեկնեց Վիեննա, ուր նախատեսված է նրա հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զիների հետ: