Հայրիկյանը հարկադրված կընդունի ընտրությունները հետաձգելու տարբերակը

10

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում սկզբում հայտարարել է, որ չէր ցանկանա հետաձգել ընտրությունները, այնուհետեւ հավելել, որ ամեն դեպքում հարկադրված է ընդունել ընտրությունները 15 օրով հետաձգելու հնարավորությունը: «Պետք է այնպես անեմ, որ ընտրությունները չհետաձգվեն։ Այսինքն, կա ընտրությունների երկու տարբերակ. մեկը 15 օր, որը հարկադրված եմ անել, մյուսը նոր ընտրություններ կազմակերպել՝ ևս 40 օր անց։ Ես պիտի աշխատեմ, որ ևս 40 օր չլինի, որովհետև ես էլ մտածում եմ, որ գործընթացի մեջ ենք, ավարտին հասցնենք։ Չնայած լավ կլինի ընտրությունները լինեն տաք եղանակին»- մասնավորապես ասել է նա։

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 52–րդ հոդվածի համաձայն՝ հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը։