Ազատ Ձայն լրատվականի հյուրն է ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջնադարյան հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող,
ԵՊՀ հայոց պատմության, հնագիտության և ազգագրության ամբիոնների դասախոս, Հայաստանի ազգագրության պետական թանգարանի` հնեաազգագրության բաժնի վարիչ Համլետ Պետրոսյանը, ով երկար տարիներ Արցախի Տիգրանակերտի ուսումնասիրությամբ է զբաղվում:
-Պարոն Պետրոսյան, երկար տարիներ պեղումներ եք իրականցնում Արցախի Տիգրանակերտում, առանձնացրեք հիմնական գտածոները:
– Քաղաքի պեղումները 2006-ին սկսվել են։ Ամենաառաջին և էական ձեռքբերումը քաղաքի հայտնաբերումն է: Այն, ինչը կառուցել է Տիգրանը` մի թաղամաս է` միջնաբերդերով, որի պարիսպների բարձրությունը կազմում է 5մ, որը ամբողջովին սրբատաշ քարերից է կառուցված, ու կարծում եմ` դա է մեր առաջին ձեռքբերումը: 2-րդ էական ձեռքբերումը` կենտրոնական թաղամասը և բազիլիկ տաճարն է` 4-5 դարերում կառուցված, հիանալի մի եկեղեցի, որն ունի շատ հզոր ճարտարապետություն, շինարական արվեստ, քանդակներ և այլն:
-Իսկ նյութեղեն ի՞նչ արժեքներ եք գտել:
-Պարիսպները հենց նյութեղեն իրեր են: Գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցին։ Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչե ձևը։Պետք է նշեմ, որ քաղաքը ոչ թե տեղական հզոր նախաձեռնություն է, այլև այն ժամանակին միջնադարյան ստանդարտներին համապատասխան կառույց է, քանի որ Տիգրանը փոքր Ասիայից բերել է բազմաթիվ ճարտարապետներ, ովքեր Տիգրանի ղեկավարությամբ նախաձեռնել են աշխատանքները: Ամբողջ Կովկասում չկա անտիկ նման մի ստեղծագործություն, որ ժայռերն այդքան կտրատած լինեին: Ինչպես ցանկացել են, ինչ ուղղությամբ ցանկացել են` կտրել են, կարծես թե այդ ժայռը կարագ է: Տիգրանակերտը վիրտուոզ կառույց է: 2-րդ գյուտը` վաղ քրիստոնեության հայերեն արձանգրությունն է` հատկապես բազիլիկ եկեղեցում գտնված կավե սկավառակը, որի վրա կա 5-6-րդ դարերի հայերեն արձանագրություն: Սա ցույց է տալիս, որ Տիգրանից հետո` Տիգրանակերտը մնում է որպես հայկական քաղաք, և քրիստոնեությունը տարածելուց հետո հայերեն գրականությունը լայնորեն օգտագործվել են:
-Շուտով կսկսվեն պեղումների շրջանը, ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Տիգրանակերտն անընդհատ անակնկալներ է մատուցում: Եվ այն, ինչը չէինք էլ կարող ենթադրել, գտնում ենք, բացի դա շատ հարցեր կան, որոնց պատասխանը կտա պեղումների գտածոների ուսումնասիրությունը:
-Որտե՞ղ են պահպանվում գտածոները:
-Մեր գտածոների մի մասը պահպանում են Տիգրանակերտի թանգարանում, Արցախի թանգարանում, ԵՊՀ-ի հնագիտության լաբորատորիայում:
-Պարոն Պետրոսյան, կան փաստեր, որ հնագիտական պեղումների արդյունքների գտածոները վաճառվում են: Ի՞նչ կասեք այս առումով:
-Ես առաջին անգամ եմ լսում: Իմ խորին համոզմամբ նման բան չկա: Այլ բան է, որ կա սև հնագիտություն, երբ մարդիկ ինքնագլուխ փորում են, քանդում և իրենց կամքով ինչ ուզում, անում են: Երբ մենք Տիգրանակերտում էինք` եղել են դեպքեր, որ իշխանություրնների ներկայցուցիչներից ոմանք ցանկացել են վերցնել տարբեր թեկուզ փոքր և ջարդված իրեր, բայց ես չեմ թողել, նման բան չի կարելի անել, թեկուզ փոքրիկ իրը ազգային հարստություն է:
-Իսկ ի՞նչ խնդիրներ կան հնագետների առջև ծառացած:
-Խնդիրները շատ են, բայց էականը` ֆինանսավորումն է: Շատ շնորհակալ ենք Բակո Սահակյանին, ով նախագահ դառնալուց հետո կանչեց մեզ և ֆինանսավորեց արշավախումբը, բայց ցավով պիտի ասեմ, որ մենք 90 օրվա փոխարեն 50 օր ենք պեղում իրականցնում, իսկ 35մլն դրամի փոխարեն 20մլն. են ֆինասավորում: Շատ պաշտոնյաներ ինձ ասում են, որ Արցախի բյուջեի սակավությունն է պատճառը, որ ամբողջությամբ չի ֆինանսավորվում, իսկ ես չգիտեմ դա նախագահի դիրքորոշումն է, թե ոչ: Ես գլխիկոր եմ, քանի որ հիացած էի, որ Արցախի իշխանությունները գնահատեցին մեր աշխատանքը և ֆինանսավորեցին: Բացի դրանից, արշավախումբը հազար ու մի խնդիրներ ունի, որն, իհարկե, չենք կարողանում լուծել: Ամբողջ տեխնիկան`թանկարժեք լուսանկարչական ապարատներ, համակարգիչներ և այլն, ամբողջը մեր սեփականությունն են, լաբորատոր անալիզների ֆինանսավորում չունենք և այլն: Մեր մշակույթի հետազոտությունը, ցավոք, արհամարհված ասպարեզ է:
-Ո՞րն է պատճառը:
-Երևի ազգային հոգեբանություն է: Բոլոր դեպքերում` հայերը դարերի ընթացքում պրագմատիզմի են սովոր, շատ ավելի օգտապաշտ են, շատ ավելի քիչ են մշակույթ սիրում:
-Ինչ եք կարծում, տարիներ հետո` եկող սերունդներն ունե՞ն այն պոտենցիալն ու կարողությունները, որպեսզի նոր պեղումներ իրականացնեն:
-Դժվարանում եմ ասել, քանի որ ըստ էության Հայաստանը մշակութային, փլիսոփայական, քաղաքական կողմնորոշումների ճանապարհին է կանգնած և այն, որ մեր մշակութային հետազոտողները անպակաս են լինելու , բայց հետազոտողները մենք չենք լինելու: Ես զգում եմ, որ գնալով մեծանում է դրսի մասնագետների դերը և կարևորույթունը: Եվ երջանիկ է հայը, ով Օքսֆորդ կամ Հարվարդ ավարտի և մասնակից կլինի մեր ժառանգության հետազոտությանը: Տեղական հետազոտության պոտենցիալը ծայրահեղ ծանր վիճակում է: Ես կարծում եմ, որ այն հոգեվարքի մեջ է:
-Ո՞րն է պատճառը:
-Պետական քաղաքականության արդյունք է, ամբողջ հասարակության անտարբեր վերաբերմունքն է: Կառավարողների անհանգուրդ ցանկությունը միայն գումարներ կորզելն է այստեղից-այնտեղից, թռնել-գնալու նարինջ գտնելու փիլիսոփայությունն է: Ունենք լքված, անմխիթար ժառանգություն, բայց դա ոչ ոքի առանձնապես չի հուզում: