«Հայաստանի և Ադրբեջանի միջև սառեցված հակամարտությունը սկսել է եռալ»

13

«Նյու Յորք Թայմս» ամերիկյան օրաթերթում մայիսի 31-ին հրապարակված «Հայաստանի և Ադրբեջանի միջև սառեցված հակամարտությունը սկսել է եռալ» հոդվածում նկարագրվում է Ադրբեջանի բնակչության և իշխանությունների տրամադրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
Հոդվածում նշվում է, որ Բաքվում անց են կացվում դիպուկահարների պատրաստման հատուկ դասընթացներ, որոնք մեծ ժողովրդականություն են վայելում բնակչության շրջանում:
Այս դասընթացների մասնակիցներից եկուսը հայտնել են, թե «ավելի լավ է պատերազմել, քան սպասել ևս 20 տարի», և թե «պատերազմը վատ է բոլորի համար, սակայն երբեմն, իրավիճակից ելնելու նպատակով, այն անհրաժեշտ է»:
Ըստ հոդվածի, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ներգրավված են սպառազինությունների մրցավազքում, սակայն երկու պետություններից առավել հարուստը` Ադրբեջանը, 2003 թվականից ի վեր 20 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն:
«Նյու Յորք Թայմս»-ի հոդվածում Ադրբեջանի նախագահի ավագ օգնական Ալի Հասանովի մեջբերված խոսքի համաձայն, «խաղաղ գոյակցությունն անհրաժեշտ է մեզ համար, սակայն, հարկ եղած դեպքում, պատրաստ ենք մեր կյանքը զոհաբերել` հանուն տարածքային ամբողջականության»:
Նրա համաձայն, Բաքուն չափազանց հուսահատված է միջազգային միջնորդների կողմից գործադրվող ջանքերից:
«Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը չեն պահել իրենց խոստումը: Ամերիկան այժմ կարծում է, թե Աֆղանստանը, Իրաքը, Հյուսիսային Աֆրիկան և Եվրոպայի «հրթիռային վահանը» շատ ավելի կարևոր խնդիրներ են, քան Լեռնային Ղարաբաղի հակամարտության տիպի տարածքային հակամարտությունները»:
Թերթի համաձայն, Ադրբեջանում նման տրամադրությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ երկրի բնակչության գրեթե հինգ տոկոսը կազմում են փախստականները, որոնց իրավիճակը վերջին քսան տարիների ընթացքում մնացել է անորոշ:
Հոդվածում նկարագրված ծանր պայմաններում ապրող փախստականներից մեկը, որին հարևանները դիտողություն են արել օտարերկրյա լրագրողի հետ զրուցելու համար` զգուշացնելով, որ լրագրողը կարող է «հայամետ» լինել, ասել է, թե «մեր երեխաները տեսնում են, թե ինչպես են մյուսներն ավելի լավ ապրում, և ամաչում իրենց իրավիճակից: Գրե՛ք», – դիմելով լրագրողին, ասել է նա, «որ դրանում մեղավոր են անիծյալ հայերը»: