Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները

7

Human Rights Watch-ը իր տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին` ընդգծելով, որ Հայաստանի իշխաննությունները նախկինի պես շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները և 2008թ-ի մարտիմեկյան իրադարձությունների հետաքննությունը և բացահայտումներն այդպես էլ իրականում չեն իրագործվում:

Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, մինչդեռ միջազգային գործընկերները ամբողջովին չեն օգտագործում իրենց ազդեցության լծակները՝ իրավիճակը բարելավելու համար:

Փաստաթղթում կազմակերպությունն արձանագրում է, որ 2011թ. ընթացքում պաշտոնական Երևանը կրկին էական առաջընթաց չի արձանագրել մարտիմեկյան տասը սպանությունները բացահայտելու գործում, սահմանափակել է հավաքների ազատությունը եւ բավարար քայլեր չի կատարել՝ բանակում ու անազատության վայրերում արձանագրված մահվան դեպքերը բացահայտելու համար։

Զեկույցը փաստում է, որ Հայաստանում շարունակում են լուրջ խնդիր մնալ ոստիկանությունում ու բանակում իրականացվող կտտանքներն ու դաժան վերաբերմունքը, որոնց մասին հաղորդում են տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։

Human Rights Watch-ը հավելում է, որ բռնություններից ու կտտանքներից բացի` Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը ստվերում են նաև չպատճառաբանված մահվան դեպքերը ազատազրկման վայրերում ու բանակում։

Մամուլի ազատությունը ևս կաղում է Հայաստանում, սա վկայում է կազմակերպությունը և փաստում, որ իշխանությունները ապաքրեականացրել են վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված հոդվածները, սակայն փոխարենը` դատարանները սկսել են մեծ տուգանքներ ու ոչ համաչափ փոխհատուցումներ սահմանել:

Զեկույցի վերջում Human Rights Watch-ը փաստում է, որ 2011-ին Հայաստանի միջազգային գործընկերներից մի քանիսը սահմանափակել են իշխանությունների հասցեին իրենց քննադատությունը։

Human Rights Watch-ն ու անհարկի է համարում Հայաստանի կառավարությանը տրված վստահությունը առ այն, որ 2011թ. հոկտեմբերին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև ընդունեց Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, արձանագրելով, որ 2008թ. մարտի 1-ի էջը վերջապես կարելի է փակված համարել։