ՀՀԿ-ն չեղյալ հայտարարեց փետրվարի 21-ի հանրահավաքը. Աշոտյան

7

Արմեն Աշոտյանը հայտաարել է, որ թեպետ այսօր օրենքով սահմանված կարգով Ազատության հրապարակում թույլատրված էր ՀՀԿ հանրահավաքը, սակայն իրենց գործընկերների հայտարարությունը և որդեգրած գործելաոճը ստիպում է իրենց հրաժարվել օրինական իրավունքներից՝ հնարավոր սադրանքներից, բախումներից և անիմաստ կրքերից խուսափելու համար:

ՀՀԿ խորհրդի անդամ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շեշտեց. «ՀՀԿ-ն, ի տարբերություն քաղաքական շատ ու շատ այլ ուժերի, թասիբի գցելու կուսակցություն չի, պետք չէ մեզ բզբզել, թամաշա անել»:

Նա նշեց, թե խորը հիասթափություն է ապրել Րաֆֆի Հովհաննիսյանից, քանի որ շատ կտրուկ էր փոփոխությունը նախընտրական մոդեռն Րաֆֆիից դեպի, պարտված ընդդիմադիր թեկնածուի կեցվածքի:

«Ամբողջ նախընտրական քարոզարշավը մեր փաստացի թիվ մեկ ընդդիմադիր մրցակիցը վարեց շատ քաղաքակիրթ, արևմտյան տեխնոլոգիաներին համապատասխան: Ցավոք, այս հետընտրական գործընթացները կարծես կրկնում են նախորդ ընտրություններից հետո եղած մշակույթները, այն դեպքում, երբ արևմտյան մշակույթը ենթադրում է, որ պարտված թեկնածուները առաջինն են զանգահարում և շնորհավորում հաղթած թեկնածուին»,- ասաց Աշոտյանը: