Վերջին օրերին թեժացել են ՀՀԿ-ԲՀԿ «հա ու չէ»-երը: ՀՀԿ-ն ասում է Գագիկ Ծառուկյանը կսատարի Սերժ Սարգսյանին, ԲՀԿ-ն հերքում է: ՀՀԿ-ն հիշեցնում է կոալիցոն հուշագրի մասին, ԲՀԿ-ն կոալիցիոն հուշագիրը համեմատում է Սևրի պայմանագրի հետ: Մարդկանց գցել են իրենց անձնական շահերի ճահճի մեջ ու խորտակում են այնքան, որքան կամենում են:
Խիստ ակտիվացել է նաև Հովիկ Աբրահամյանը, ով ասես նախագահ Սարգսյանի խոսնակը լինի, իսկ Գալուստ Սահակյանն էլ նախագահի քարտուղարը: (Իսկ վաղ ոչ անցյալում Աբրահամյանը զիջել էր դիրքերը): Աբրահամյանը խայծը տալիս է, Սահակյանը համ ու հոտ, իսկ ժողովուրդը կուլ է տալիս: ԲՀԿ-ՀՀԿ հարաբերություններն ասես ամուսնական լինեն, երբ կինն ու ամուսինը վիճում են, բայց ամուսինը կեսից փոշմանում է, իսկ կինը շարունակում է նեղացած ձևանալ: Այսօր ԲՀԿ-ն նեղացածի կարգավիճակում է, բայց արդեն համարյա խաղաղվում է: Նեղացած են մնացել «հարսի բարեկամները»՝ Նարիա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, ով «հարսի» հեռավոր բարեկամներից է: Զոհրաբյանը վերջերս փորձում է դառնալ Ծառուկյանի պահապան հրեշտակը՝ սակայն երբեմն ինքնաբերաբար հակածառուկյանական գաղափարներ առաջ մղելով: Նա է միակը, ով պնդում է, որ ԲՀԿ թեկնածուն Ծառուկյանն է, մինչդեռ Ծառուկյանի մամուլի խոնակը դա անձնական կարծիք է որակում: Օսկանյանն իրեն է նախագահ տեսնում, մինչդեռ դա նույնպես անձնական նկրտումների շարքից է: Մնում է փնտրել Ծառուկյանի իսկական բարեկամներին, ովքեր կարող են ճիշտը ասել: Օրինակ՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նա իր բարեկամի մասին վատ բաներ չի ասի չէ՞: Այսինքն, նրան կարող ենք հավատալ, չէ՞ որ բարեկամական շահերն է պաշտպանում: Հենց այս ֆոնի տակ էլ ԱԺ նախագահը հայտարարում է հնարավոր կոալիցիոն հուշագիրի մասին: Հենց նա ասաց, որ Սերժ Սարգսյանը անայլընտրանքային թեկնածու է: Էլ ի՞նչ ենք ընկել պղտոր ջրում ձուկ որսում:
Հարց է առաջանում, եթե ՀՀԿ-ն այդքան վստահ է Սերժ Սարգսյանի հաղթանակի վրա, ապա ինչո՞ւ է ընկել Ծառուկյանի հետևից ու սպասում, գուշակում, կամ խնդրում, որ նա իրենց միանա: Կա՛մ քաղաքական ինտրիգներ են, կա՛մ Ծառուկյանի կշիռը այդքան մեծացել է: Մի՞գուցե սոցիալական հարցումներն են խառնաշփոթի մեջ գցել իշխող կուսակցությանը, չէ՞ որ Gallup International Association-ի հարցախույզի արդյունքում հարցվածների միայն 32 տոկոսի կարծիքով է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ամենահեղինակավոր քաղաքական գործիչը, և եթե առաջիկա կիրակի օրը տեղի ունենային նախագահական ընտրություններ, ապա հարցվածների միայն 28 տոկոսը կքվեարկեր նրա օգտին: Միգուցե վախենո՞ւմ են մնացած 72 տոկոս ձայների համար: Ո՞վ գիտի՝ ում բաժին կհասնեն այդ ձայները:
Իսկ Ծառուկյանը դեռ լռում է: Ո՞վ կմտածեր, որ պրն Ծառուկյանի խոսքն այսքան կարևոր ու ծանրակշիռ կդառնար հայ ժողովրդի ու քաղաքական դաշտի համար: Մի՞թե Ծառուկյանը 28 տոկոսից ավել ձայների հավակնություն ունի:
Պարզվում է՝ քաղաքականության մեջ ամեն ինչ սպասելի է…