Ծիրանի վիճակն այս տարի այնքան էլ անմխիթար չէ`նախորդ տարիների հետ համեմատած նշեց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը: «Ունենք միջին բերքի 30%-ը, մոտավորապես 20 հազար տոննա»: Սակայն սա չի նշանակում, որ արդեն իսկ կարող ենք արտահանել, դժգոհություն հայտնեց Բերբերյանը:
Բանախոսը հիշեցրեց ոչխարների արտահանումն ու դրան հետևած ոչխարի մսի թանկացումը, ապա բացատրեց. «Մենք դեմ չենք արտահանմանը, բայց դա մասնագիտական հաշվարկներ է պահանջում` բերքի, ապրանքի 10-15 %-ն է կարելի միայն արտահանել: Իսկ մենք այսօր ունենք ծիրանի` ընդամենը 30% բերքատվություն»:
Բերքատվության ցածր մակարդակը և բարձր գները Բերբերյանը պայմանավորեց ոչ միայն եղանակային անբարենպաստ պայմաններով ու արտահանմամբ, այլև թերանում են բույսերի պաշտպանության ծառայությունները իրնեց քիչ աշխատանքով:
«Հիմա խոշոր եղջերավոր անասուններին արոտավայրեր տանելու ժամանակն է: Ճիշտ է` այս շրջանում սա գուցե ազդի գների վրա: Բայց մենք արդեն արհեստականորեն ստեղծված վակուում ունենք և այդ գները այլևս չեն իջնելու»,-տեղեկացրեց Հ. Բերբերյանը:
Եվ չնայած նման անբարենպաստ ֆոնին, Հրաչ Բերբերյանն ուրախությամբ նշեց, որ կրծողների դեմ` իրենց ներկրած բիո նյութը, որը թույն չէ, բավականին դրական է ազդում, ինչի արդյունքը, նրա խոսքով, տեսանելի կլինի արդեն աշնանը: Բանախոսը նաև հավելեց, որ այս տարի մեծ է լինելու միայն դեղձի բերքատվությունը:














