Քարոզարշավի շրջանակում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն աբովյանցիների հետ հանդիպմանը կոչ է արել քվեարկության օրը՝ ընտրություն կատարելիս, լինել շատ լուրջ, ավելի լուրջ, քան երբևէ, անպայման նկատի առնել, թե որ քաղաքական ուժը կարող է ապահովել իրավական պաշտպանվածությունը, քաղաքացիական ազատությունները և Հայաստանի ողջ ժողովրդի բարեկեցության կայուն բարձրացումը:
«Այս ընտրությունները շատ կարևոր հանգամանք են: Այս ընտրությունների արդյունքներից է կախված, թե ինչ ճանապարհով է Հայաստանի Հանրապետությունն առաջ գնալու: Այս ընտրությունների արդյունքներից են կախված, թե որ քաղաքական ուժն է մեր երկրի ղեկին լինելու: Բոլորս պետք է հասկանանք նաև, որ այս ընտրությունները մեծ հնարավորություն են տալիս ընտրել օրինական իշխանություններ ազատ, արդար ընտրությունների միջոցով և որ այդպիսի միջոցներով ընտրված իշխանությունները կարող են լինել շատ ավելի համարձակ և կարող են շատ ավելի լուրջ բարեփոխումներ իրականացնել»,– ասել է նա:
«Այսինքն կյանքը շարունակվելու է: Եվ ցանկալի է, որպեսզի մենք ընտրություններից հետո լինենք ավելի միասնական, որպեսզի կարողանանք մեր ջանքերը համադրել և ունենալ, կառուցել ավելի լավ Հայաստան»,-ասաց կուսակցության առաջնորդը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ Կոտայքի մարզում քաղաքական պայքարը թեժ է: «Ես հասկանում եմ՝ շատ մարդիկ արդեն իրենց դիրքորոշումն ունեն, բայց, այդուհանդերձ, կոչ եմ անում նաև քվեարկել խղճի մտոք, կոչ եմ անում քվեարկել այնպես, որ ձեր քվեարկությունը ձեր իսկ դուրը գա: Բնականաբար, ես եկել եմ այստեղ նաև կոչ անելու ձեզ քվեարկելու Հանրապետական կուսակցության օգտին»,-ասաց երկրի ղեկավարը:
«Եվ երբ ես ասում եմ քվեարկեք ՀՀԿ-ի օգտին, ես, բնականաբար, նկատի ունեմ ոչ միայն համամասնական ցուցակը, ես նկատի ունեմ նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորներին»,-ասել է երկրի ղեկավարը:
Նախագահը նաև ընդգծել է, որ այնտեղ, որտեղ ՀՀԿ–ն պատգամավորի թեկնածու չի առաջադրել, պաշտպանում է կոալիցիոն գործընկերներին. «Եվ այստեղ մենք, բնականաբար, պաշտպանում ենք պարոն Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը: Բոլորիդ կոչ եմ անում քվեարկել մեր պատգամավորների օգտին»: