Լևոն Տեր-Պետրոսյանի թողած վերքերը դեռ չեն սպիանում ՀԱԿ-ում, էլ ինչ ասենք ժողովրդի մասին: Հիասթափված, ոտնահարված, սպանված ու բանտարկված մի ողջ հասարակություն ինչպե՞ս կարող է մարսել այդ ծանր հարվածը: ՀԱԿ-ի ներսում շարունակվում են միմիյանց վրա ցեխ նետելը, իրար հետևից բամբասելն ու իրար վրա գործ սարքելը, բայց ժողովուրդն այդ ամենից ոչ մի ակնկալիք չունի, լրիվ ձեռնունայն է: Տեր-Պետրոսյանի թիմակիցներն իրավամբ իրավունք ունեն հնչեցնել այն մի քանի հարցերը, որոնց առաջին նախագահը պարտավոր էր վաղուց պատասխանել ու պարտավոր էր ոչ թե միայն իր թիմակիցներին բացատրել, այլ իր հետևից գնացող այն հազարներին, ովքեր այդքան ծեծվեցին, ոտնահարվեցին, բանտախցերում հայտնվեցին ու զոհվեցին: Նա պետք է վաղուց ասեր, թե ինչու դուրս եկավ 2007-ին, որն էր իր իրական նպատակը, ինչու այդքան մարդու կյանքը վտանգեց, մի մասինն էլ պատճառ դարձավ , որ խլեն, ինչու մարդկանց խաբեց, որ կպայքարի ավազակապետության ու օլիգարխների դեմ, ինչու թաքցրեց իր նախկին դեմքը՝ ներկայանալով որպես այլ, իբր ազգանվեր քաղաքական գործիչ: Սակայն սրանք միայն խոսքեր են, իհարկե, ՀԱԿ առաջնորդը չէր կարող այդքան ազնվանալ այս ժողովրդի առաջ, քանզի իր խաղը տարիք ու ժամկետ չունի, և այդ խաղում ազնիվ լինելը պատիվ չի բերում: Մի՞թե տարիքը գիտակցելով՝ չի հասկանում տարիքի պատկառելիության բուն գաղափարը: