Լիպարիտյանը Բաքվում նոր ընկերներ է որոնում

10

Ադրբեջանի նախագահի հովանավորությամբ Ստրատեգիական հետազոտությունների կենտրոնի, «Caucasus International»-ի և «Turkish Policy Quarterly» ամսագրի կողմից Բաքվում կազմակերպված «Համատեղ ջանքեր հանուն Կովկասի ապագայի: Անցած 20 տարիների դասերը» միջազգային կոնֆերանսին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հայտարարել է, որ ուրախ է, որ ժամանել է Բաքու: «Այս միջոցառման ավարտին ուզում եմ նոր ընկերներ ձեռք բերել: Տեսնել, թե արդյոք Կովկասում բնակվողները տեսնում են իրենց ապագան: Մենք դեռևս տարածաշրջանային մակարդակով չենք տեսնում խնդիրների լուծումը: Նախկինում սպասելիքները Մոսկվայից էին գալիս, իսկ այժմ Բրյուսելից, Ստրասբուրգից: Հիմա մենք մեր ապագան ուրիշ տեղ ենք որոնում» : Լիպարիտյանը նշել է, որ անկախության ձեռքբերումից հետո բոլորը մտածում էին, որ «սառը պատերազմը» ավարտվեց. «Բայց «սառը պատերազմը» Կովկասում չի ավարտվել: Մենք չգիտենք` որքան կտևի այս մինի «սառը պատերազմը»: Անկախություն չի նշանակում, որ քեզ կարող ես ուզածիդ պես պահել: Փոքր երկրներում դա ավելի նկատելի է: Մենք շատ մեծ սխալներ ենք թույլ տվել: Ղարաբաղյան հակամարտությունը երկու երկրների խնդիր չէ միայն: Այն նաև Վրաստանի խնդիրն է: Որովհետև նման իրավիճակներում համատեղ նախագծերի իրականացումը շատ դժվար է»: