Ղարաբաղյան հակամարտությունը մոտենում է լարվածության անթույլատրելի շեմին: «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչ, այժմ Աֆղանստանում Շվեդիայի դեսպան Փիթեր Սեմնեբին:
«Իմ հիմնական ուղերձը հետեւյալն է. բռնության թույլատրելի շեմը գնալով իջնում է, այն արդեն անթույլատրելի սահմանների է հասել: Այժմ դրությունը մի քանի տարի առաջվա համեմատ բավականին վատացել է, վտանգը շատ ավելի բարձր է: Թե այն ժամանակ, երբ հատուկ ներկայացուցիչ էի, թե հիմա իմ հիմնական ուղերձն ու կոչը Եվրոպային հետեւյալն է՝ սա մի հակամարտություն է, որին պետք է լուրջ վերաբերվել: Եվրոպան պետք է լուրջ ջանքեր գործադրի ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար», – ասել է Ստամբուլում Շվեյցարա-կովկասյան ակադեմիական ցանցի գիտաժողովին մասնակցող Փիթեր Սեմնեբին:
Նրա խոսքով, մեծ է ռիսկը, որ յուրաքանչյուր միջադեպ կարող է իրավիճակը հսկողությունից դուրս բերել: «Մենք տեսնում ենք այդպիսի միջաադեպեր, որոնք կարող են նպաստել լարվածության ավելացմանը: Իհարկե, սա պետք է մտահոգի առաջին հերթին հակամարտության կողմերին, բայց միջազգային գործընկերները նույնպես պետք է հաշվի առնեն դրությունը, քանի որ եթե Լեռնային Ղարաբաղում ինչ-որ բան պատահի, դրա հետեւանքները կազդեն նաեւ ԵՄ երկրների վրա»,- նշել է նա: