ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ շարունակում է բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
ԼՂ կարգավորման բանակցությունների վերաբերող արդբեջանցի լրագրողի այն հարցին, թե ինչու Ռուսաստանի Դաշնությունը չի դատապարտում «ԼՂ հակամարտության հարցում հայկական կողմի դիրքորոշումը, Լավրովը շեշտել է. «Եթե որևէ մեկը ցանկանում է ուշադրության արժանանալ հասարակական տարածությունում, այդժամ կարելի է խոսել պահանջների, դատապարտանքների մասին: Մենք ցանկանում ենք հարցին գործնական լուծում տալ, ինչի համար անհրաժեշտ է այլ մեթոդներով շարժվել, և այդպես են աշխատում ԱՄՆ-ն, Ֆրանսիան, և Ռուսաստանը որպես համանախագահներ:
Դեռևս 2007 թ-ին համանախագահները պատրաստել էին հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների նախագիծ, որը հիմք կարող էր ծառայել ապագա խաղաղ համաձայնագրի համար: Հայաստանը պատրաստ էր ընդունել այդ նախագիծը որպես հիմք, սակայն Ադրբեջանն այն մերժել է»,- հավելել է նախարարը:
Այնուհետև Լավրովը նշել է, որ 2009 թ-ին նրանք թարմացրին հիմնական սկզբունքների նախագիծը և ներկայացրին կողմերին: Ադրբեջանը համաձայնեց դրան, սակայն հայերը նախընտրեցին աշխատել 2007 թ-ի նախագծով:
Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրավիրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հանդիպման՝ ասելով, որ կա 2007 թ-ի փաստաթուղթ, որն ընդունելի է հայերի համար, և կա 2009 թ-ի փաստաթուղթ՝ առավել ընդունելի ադրբեջանցիների համար: Դիմելով կողմերին՝ նախագահը հարցրեց, թե հնարավո՞ր է արդյոք Ռուսաստանը բոլոր համանախագահների մոտեցումների շրջանակներում փորձի ստեղծել 2007 և 2009 թթ-ի նախագծերը մեկտեղող փաստաթուղթ: Այդ աշխատանքին նվիրվեց 10 հանդիպում, որոնց միշտ մասնակցել են Ֆրանսիայի և Ամերիկայի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ ներկայացուցիչը, ովքեր ամբողջապես տեղեկացված են եղել գործընթացից», – հայտարարել է Լավրովը:
«Իսկ «Մեծ Ութնյակի» գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների համատեղ հայտարություն արեցին՝ կողմերին կոչ անելով քննարկել Ռուսաստանի առաջարկած փաստաթղթի վերջին փոխզիջումային տարբերակը:
Այս ամենին հաջորդեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հանդիպումը Կազանում: Համանախագահող երկրների ղեկավարները կոչ էին արել կողմերին Կազանի հանդիպմանը ընդունել փաստաթղթի այդ վերջին տարբերակը:Սակայն, ցավոք, փաստաթուղթը Կազանում չընդունվեց: Ենթադրում եմ՝ տեղյակ եք ինչու, քանի որ կողմերն արեցին համապատասխան հայտարարություններ այդ առնչությամբ: Եվ այդ պահից հետո համանախագահները ձեռնունայն չեն նստել, սակայն բարձր մակարդակով հանդիպումներ դեռևս նախանշված չեն: Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները հանդիպում են, համանախագահները նրանց ներկայացրել են փաստաթղթի կրճատված տարբերակներ, որպեսզի վերացնեն խնդիրներ հարուցող դրույթները: Աշխատանքը շարունակվում է», – ընդգծել է Լավրովը: