Իր տարածքում վերաբնակներ ընդունելը ԼՂՀ ինքնիշխան իրավունքն է. ԼՂՀ ԱԳՆ

12

ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելության կողմից տարածված նոտայի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելության կողմից տարածված նոտայի առթիվ, որը վերաբերում է ԼՂՀ տարածքների իբր բնակեցման նոր փաստերին, ԵԱՀԿ և նրա անդամ-երկրների ուշադրությունն է սևեռում այդ փաստաթղթի քարոզչական բնույթի վրա, ինչը նպատակ ունի մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը և ապակայունացնել բանակցային գործընթացն ու իրավիճակը տարածաշրջանում:

Չնայած այն ակնառու փաստին, որ իր տարածքում վերաբնակներ ընդունելը ԼՂՀ ինքնիշխան իրավունքն է, տարածվածը իսպառ հիմնազուրկ ապատեղեկատվություն է, ինչը հավաստում են 2010 թ. ընթացքում այդ տարածքի իրավիճակի` ԵԱՀԿ գնահատման առաքելության կողմից անցկացված դիտարկումների արդյունքները:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ փաստահավաք առաքելության 2005 թ. հաշվետվությանը, որը վկայակոչում է Ադրբեջանի մշտական առաքելությունը, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության` առաքելությունը չի հայտնաբերել «ոչ մի ակնհայտ կազմակերպված վերաբնակեցում» և «չի հաստատվել, թե բնակեցումը նպատակամետ քաղաքականության արդյունք է»:

Այդ համատեքստում անհրաժեշտ ենք համարում նաև հերթական անգամ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը բնակեցնում է իր կողմից բռնազավթված Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը և ԼՂՀ այլ բռնազավթված տարածաշրջաններ:

Ավելին, Ադրբեջանը տարիներ շարունակ չի տալիս իր համաձայնությունը` համանման դիտարկում անցկացնել այդ շրջաններում, ինչը անվիճելիորեն փաստում է դրանց բնակեցումը և դա չի կարող լուրջ մտահոգություն չպատճառել ԵԱՀԿ-ին և միջազգային մյուս կազմակերպություններին:

Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի հոխորտանքին` ս.թ. հուլիսի 19-ին ԼՂՀ- ում կայացած նախագահական ընտրությունների առթիվ, որոնց որպես դիտորդ ներկա են եղել 22 երկրների, այդ թվում` ԵԱՀԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ, Եվրախորհրդարանի պատգամավորներ, և որոնք գնահատվել են որպես ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափորոշիչներին համահունչ, ապա այդօրինակ պահվածքը հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը, որտեղ իշխում է ամբողջատիրական վարչախումբ, որտեղ իշխանությունը հորից փոխանցվում է որդուն, որտեղ «ընտրություններն» ընդամենը ցուցադրանք են և խաբկանք, չի կարող հարգել ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև իշխանությունների ընտրովիության սկզբունքը` քաղաքացիների իսկական կամարտահայտման հիման վրա»: