Ինչպե՞ս փրկվենք խայտառակությունից կամ օգնեք փրկենք մեր հոգևոր արժեքները

19

Եթե մինչև հիմա ներքին ու արտաքին քաղաքական վայրիվերումներով, սայթաքումներով ու սպասումներով էր ապրում հայ մարդը և քաղաքացին, ապա այսօր մեր ազգը ամենացավալի, ողբերգալի ու անտանելի երևույթի առաջ է կանգնել: Բոլորից լսում ես միայն մի արտահայտություն. «Ինչի՞ մենք սենց կաթողիկոսի էինք արժանի»: Իմ սուբյեկտիվ կարծիքով արժանի չէինք ոչ միայն նման կաթողիկոսի, այլև նման քաղաքական գործիչների, ոչ էլ նման նախագահների, սուտասան ընդդիմության, քրեաօլիգարխիկ պատգամավորների, «ռազբիրատ» ռեստորանների ու ուրացող գիտնականների: Սակայն խոսքերը չէ, որ միայն կարող են բերել լուծումների, գործել է պետք, հարկավոր է մարդիկ միավորվեն ու պայքարեն: Բայց դե նման կաթողիկոս ունենալն իրոք, որ պատուհաս է: Ինչպես կարող է առաջին քրիստոնեություն ընդունած ազգի հոգևոր հայրը հակաքրիստոնեական քայլեր անել: Ինչպե՞ս կարող է աշխատողին հայհոյել (աշխատողը ոչ թե հոգևոր սպասավոր է, այլև իր առանձնատանը աշխատող բանվոր): Ինչպե՞ս կարող է եկեղեցիների մեջ տարբերություն դնել: Եթե ինքն է անարգում եկեղեցին ու հայ մարդու հոգևոր արժեքները, էլ ինչո՞ւ պիտի թուրքերը մեր եկեղեցիներում նամազ չկարդան, էլ ինչո՞ւ պիտի մեր եկեղեցիների առջև մերկ չնկարվեն: Չէ որ մեր կաթողիկոսն էլ եկեղեցու կողքը ուտել-խմելու օբյեկտ է սարքում ու այնտեղ չմանրամասնեմ ուտել-խմելուց բացի էլ ինչեր են լինում: Ասածներիս վառ ապացույցն է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Ամենայն վրաց պատրիարք Իլիա 2-րդի հանդիպման տեսանյութը։ Մեր գինովցած կաթողիկոսի անիմաստ խոսակցությունները Իլյա 2-ի հետ վառ ապացույց են նրա վերաբերմունքի ու մտածողության մասին: Հիշեցնենք, որ հայոց և վրաց հոգևոր առաջնորդների հանդիպումը տեղի էր ունեցել Վրաստանում հունիսի 11-ին։ Այս տեսանյութի առավել շատ դիտումները պատճառ դարձան հասարակության բողոքի ձայնի: Եվ դա դեռ չէր ավարտվել, երբ պատմաբան Սամվել Կարապետյանը ներկայացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսից ստացած սենսացիոն պատասխանըը: Ինչպես ասում է հուշարձանագետը նա առաջարկել է Գարեգին Բ-ին նոր եկեղեցիների կառուցման համար նախատեսված միջոցների թեկուզ մի մասն ուղղորդել Սանահինի խնդրի լուծմանը: Ի պատասխան` Կաթողիկոսը հայտարարել է, որ որևէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ: Որպես հիշեցում ասենք, որ կաթողիկոսը կարծես շատ մեծ գործեր ունի, ասենք օրինակ` Երևանի կենտրոնում կառուցվող իր ապագա նստավայրի հետ:
Մոտ 4000 մեր համաքաղաքացիներ ստորագրահավաք են կազմակերպել ` պահանջելով կաթողիկոսի հրաժարականը: Եվ ներկայացրել են 7 կետ, որոնք պարունակում են այն շարժառիթները, ինչի համար ձեւավորվել է Կաթողիկոսի հրաժարականի պահանջը նախաձեռնության հեղինակների մոտ: Կաթողիկոսի անտարբերությունը հայոց լեզվի և հայ ժողովրդի ապագայի նկատմամբ, որն արտահայտվեց նրա համակ և շարունակական լռությամբ՝ լեզվի օրենքի փոփոխության քննարկումների ու այդ ազգադավ օրինագծի հաստատման ժամանակ… Նրա գահակալության ընթացքում ի կատար ածվող մշակութային եղեռնը մեր միջնադարյան եկեղեցիների ու վանքերի նկատմամբ (եվրավերանորոգման տեսքով): Հոգևորականության կոռումպացված վիճակը, որը վտանգում է մեր եկեղեցու ապագան: Եկեղեցու և ժողովրդի միջև առաջացած ահռելի անջրպետը, ինչը թուլացնում է եկեղեցուն՝ խթանելով զանազան աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը:. Եկեղեցու և իշխանության անբնական և խնդրահարույց “եղբայրությունը”: Եկեղեցու ներգրավվածությունը գործարար աշխարհում: Մարդկանց մոտ ստեղծված անվստահութունն ու անպատշաճ հարգանքը եկեղեցու հանդեպ, որի պատճառն ակնհայտ է…:Եվ ահա այս պատճառների պատճառով է, որ հազարավոր մարդիկ` դեռևս մոտ 4000 հոգի, պահանջում են կաթողիկոսի հրաժարականը:

Չգիտես ուրախանաս, թե տխրես, որ մարդիկ նույնպես զգում են, որ ազգովի խայտառակ ենք լինում: Քաղաքական դաշտում խայտառակ լինելն այնքան ցավալի չէ, որքան հոգևոր:

Ի դեպ, նշենք, որ կաթողիկոսի գահընկեցության նախադեպերը հայոց եկեղեցում եղել են: Ասում են` իբր Հայոց եկեղեցում կաթողիկոսի հրաժարականի կամ գահընկեցության կարգ գոյություն չունի, անցյալում դա այնքան էլ անսովոր ու հազվադեպ երևույթ չի եղել։ Հայոց եկեղեցու պատմության ամենամեծ գիտակ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի տվյալներով, չհաշված բազմաթիվ հակաթոռ և ինքնակոչ կաթողիկոսներին, օրինականորեն ընտրված և համայն եկեղեցու կողմից ճանաչված Ամենայն Հայոց 132 կաթողիկոսներից տասնմեկը նույնպես գահընկեց է արվել կամ հրաժարական տվել։ Իսկ թե ինչ է պատրաստվում անել Գարեգին 2-րդը պարզ չէ` համենայն դեպս հանրությանը:

Նշենք, որ մենք չէինք ցանկանում միակողմանի նյութ պատրաստել, պարզապես օրեր շարունակ չկարողացանք կապ հաստատել Էջմիածնի մամլո դիվանի ներկայցուցիչների հետ` Տեր Վահրամը չպատասխանեց հեռախոսազանգերին:

Հ.Գ- Մեր ունեցած հավաստի տվյալների համաձայն, որոնք ի դեպ, չցանկացան հրապարակել իրենց անունը, Գարեգին 2-րդն այսօր Հայաստանում ու դրա սահմաններից դուրս ունի մի քանի շքեղ ռեստորաններ, ու զբաղվում է բիզնեսով: Նաև շատ է սիրում աշխարհիկ կյանքը… Այլ աղբյուրների փոխանցմամբ էլ` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն զենք է կրում: Ընդ որում, այնքան բացահայտ, որ անգամ օդանավակայանի աշխատակիցներից ոմանք տեսել են կաթողիկոսին ամրակցված զենքը, որը նա մի պահ հանել ու դրել է սեղանին: Աղբյուրը նշում է , որ չեն կարողացել հստակ մատնանշել, թե ինչ տեսակի զենք է կրում կաթողիկոսը. չէին հասցրել կարդալ: