Ի՞նչ ժողովրդավարական ընտրությունների մասին կարող է խոսք լինել. Ս. Դեմիրճյան

12

Փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները համալրեցին կեղծված ընտրությունների ցանկը: Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

«Ի՞նչ ժողովրդավարական ընտրությունների մասին կարող է խոսք լինել, երբ իրենց տեղերում են նախորդ ընտրությունների կեղծիքների կազմակերպիչները: Մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել մարտի 1-ի սպանդը իրականացնողները: Եվ մենք, ինչպես գիտեք, չմասնակցեցինք այդ ընտրություններին, քանի որ մեղմ ասած, երաշխավորված չէր արդար ընտրական գործընթացի ապահովումը»,- նշել է Դեմիրճյանը հավելելով, որ իշխանությունն ու արդար ընտրություներն անհամատեղելի են:

Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ փետրվարի 18-ին ժողովուրդը «ոչ» ասաց երկրում առկա քրեաօլիգարխիկ համակարգին, կեղծիքին, ընտրակաշառքին:

«ՀԺԿ-ն, ինչպես միշտ, կլինի ժողովրդի կողքին և կշարունակի պայքարել հանուն արդարության եւ արժանապատվության հաղթանակի», – ասել Դեմիրճյանը: