Թուրքիան փակում է իր բոլոր սահմանային անցակետերը Սիրիայի հետ, այս մասին հայտնել է Թուրքիայի մաքսային ծառայության ու առևտրի նախարարը: Գրում է Hurriyet-ը:
Թերթը գրում է, որ Սիրիացի ապստամբները վերջին շաբաթներին իրենց ձեռքն էին վերցրել սիրիական կողմի մի քանի սահմանային անցակետեր: Իսկ սիրական բախումներից խուսափելու համար` Սիրիայի հազարավոր քաղաքացիները հենց այս անցակետերով փախել են Թուրքիա:
Սահմանը փակելով` կդադարեցվի Թուրքիայից Սիրիա և հակառակը տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Չորեքշաբթի կփակվեն երեք անցակետեր, որոնք դեռևս բաց էին: Թուրքիան դրանով իսկ տնտեսական պատժամիջոց է կիրառում Սիրիայի նկատմամբ: Այսուհետ, մեծածավալ բեռնատարները ոչ կարող են Թուրքիայից անցնել Սիրիա, ոչ էլ՝ Սիրիայից Թուրքիա: Միևնույն ժամանակ, երրորդ երկրին կարող է տրվել այդպիսի թույլտվություն:
Հիշեցնենք, որ Անկարան նախկինում սերտ հարաբերությունների մեջ էր Դամասկոսի հետ, սակայն վերջին շրջանում հարաբերությունները խիստ վատթարացան:
Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան Սիրիայի կողմից ցանկացած թշնամանքը շատ կոշտ կարձագանքի: