Է. Ռուբին. Մինսկի Խումբը կենսականորեն կարևոր կառույց է

8

Վիեննայում ընթացող ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան խորհրդաժողովի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական Էրիկ Ռուբինը անդրադարձել է Ղարաբաղի հակամարտությանը:
«Որպես Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը, Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Ղարաբաղյան հակամարտության կողմերին օգնություն ցուցաբերելու առումով` հասնելու ամուր և խաղաղ կարգավորման: Մինսկի խումբը կենսականորեն կարևոր կառույց դարձավ պատերազմի վերսկսումը կանխելու և հակամարտող կողմերին բանակցությունների միջոցով խաղաղությանը մոտեցնելու առումով: Այս տարվա հունվարին Ադրբեջանի և Հայաստանի նախագահները Սոչիում հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որը նրանց պարտավորեցնում էր արագացնել հիմնարար սկզբունքներով համաձայնության գալը, ինչպես նաև շարունակել աշխատանքը` ուղղված հումանիտար շփումներին և շփման գծի միջադեպերի հետաքննության մեխանիզմներին:

Համանախագահներն ինտենսիվորեն ձգտել են կողմերին օգնել Սոչիի համաձայնագիրը կյանքի կոչելու հարցում, այդ թվում` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ վերջերս կայացած հանդիպման ընթացքում: Թեև Մինսկի խումբը առաջընթաց ունի կարգավորման հարցում, դեռ կարևոր աշխատանք կա կատարելու: Ինչպես նշվում էր նախագահներ Օբամայի, Օլանդի եւ Պուտինի հունիսի 18-ի համատեղ հայտարարության մեջ, կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն` խաղաղ կարգավորումը հնարավոր դարձնող որոշում կայացնելով, որը հիմնված կլինի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Միացյալ Նահանգները եւ նրա գործընկեր Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից, որը ծառայում է միայն հակամարտության ձգձգմանը և ոչինչ չի անում բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու առումով»,- շեշտել է Ռուբիկը: