Այսօր թանգարանների օրն է և Էրեբունի պատմահնագիտական թանգարան-արգելոցի տնօրենը խոսեց Էրեբունիի նոր ծրագրերի և խնդիրների մասին: Վերջինս նշեց,որ իրենց թանգարանի տարածքում միայն 15 տոկոսն է պեղվել և ուսումնասիրվել և որ հնագիտական այդ արգելոցը բացի թանգարանի հատվածից ունի ևս 2 մաս` «Շենգավիթ» եւ «Կարմիր բլուր» պատմահնագիտական արգելոցները:Այժմ աշխատանքներ են տարվում արգելոցի պայմանները բարեփոխելու համար. «Խնդիրներ միշտ էլ կան, դրանք լուծել է հարկավոր»,-նշում է Գյուրջյանը: Բանախոսը ծրագրերի մեջ կարևորեց նաև արհեստական հնավայր ստեղծելը, որը նպատակ ունի իր շրջանակների մեջ ներգրավել միայն երեխաներին արհեստական պեղումներ անելու համար:
Նշենք, որ թանգարանը տարեկան ունենում է 15.000 այցելու, իսկ Թանգարանային գիշերվա հետ կապված, միայն այդ մեկ օրում ավելի քան 1100 այցելու է եկել թանգարան: Ըստ տնօրենի` տուրիստական առումով թանգարանը ասես կորցրել է իր իրական տեսքը, քանի որ զբոսաշրջիկներին մի քանի րոպեով են բերում թանգարան, ուղղակի պլան կատարելու համար: «Պետք է նաև արգելվի բեռնատար ավտոմեքենաների և ավտոբուսների մուտքը թանգարանի տարածք, քանի որ դրանք խաթարում են հնագիտական շերտերը»,- հավելում է Գյուրջյանը: