Էրդողանը Ֆրանսիային մեղադրել է ռասիզմի մեջ

4

Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Անկարան շարունակում է Փարիզին ուղղված իր սպառնալիքները: Թուրքիան սպառնում է ոչ միայն խզել իր դիվանագիտական հարաբերությունները Ֆրանսիայի հետ, այլև խզել տնտեսական և ռազմական համագործակցությունը:

Սակայն Ֆրանսիայի ԱԳ ղեկավարը կոչ է արել Անկարային պահպանել հանգստություն: «Այն, ինչ տեղի է ունենում Ֆրանսիայում, Թուրքիայի դեմ չէ ուղղված: Մենք հարգում ենք Թուրքիան, այսօրվա Թուրքիային, թուրք ժողովրդին: Մենք բաց ենք քննարկումների համար, և ես շատ կցանկանայի, որ Թուրքիան այդքան սուր չարձագանքեր Ֆրանսիայում տեղի ունեցող երևույթներին» ,- հայտարարել է Ալեն Ժյուպպեն:

Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կոչ է արել Ֆրանսիայի խորհրդարանին ողջամտություն ձեռք բերել: Նա հայտարարել է, որ Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը ռասիզմ է և սահմանափակում է խոսքի ազատությունը :

«Նրանք, ովքեր լռում են այսօր, նրանք փակում են իրենց աչքերը Եվրոպայում վերածնվող ֆաշիզմի վրա»,- շեշտել էրդողանը:

Էրդողանի խոսքով, Թուրքիան իր հարաբերությունները կշարունակի միայն դեմ քվեարկած սենատորների հետ: