Երևանում «Մերսեր» հետազոտական կենտրոնի զեկույցի համաձայն, Երևանը աշխարհի ամենաթանկ երկրների ցանկում գրավում է 167-րդ հորիզոնականը:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, ուսումնասիրության համաձայն, աշխարհի թանկ քաղաքների շարքում Երևանը 2011 թվականին երեք կետով զիջել է դիրքերը և հիմա գրավում է 167-րդ հորիզոնականը` 214 քաղաքների շարքում:
Նշենք, որ ուսումնասիրությունը կատարվում է հիմնականում հյուրերի եւ օտարերկրացիների համար եւ ներառում է մի շարք տվյալներ` անշարժ գույքի վարձակալությունից մինչև առաջին անհրաժեշտության ապրանքների ու սննդամթերքի գները:
«Մերսեր»-ը մշակել է մի միջազգային զամբյուղ, որտեղ ընդգրկվել է շուրջ 200 անուն ապրանք ու ծառայություն», – ասում է խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչ Մարի-Լոուրենս Սեպեդյեն` մանրամասնելով. – «Զամբյուղում հաշվարկված են ոչ միայն սնունդը, հագուստը, տրանսպորտի ծախսը, զվարճանքի համար անհրաժեշտ գումարը, այլև ամենակարևորը` կացարանի վարձակալության գինը»:
Ըստ այդմ, Հարավային Կովկասի ամենաթանկ քաղաքը Բաքուն է, որտեղ ապրելը, համաձայն «Մերսեր»-ի, ավելի թանկ է, քան Ամստերդամում, Մադրիդում ու Տորոնտոյում:
Տարածաշրջանի ամենաէժան քաղաքը, արդեն երկրորդ տարին անընդմեջ, Թբիլիսին է, որը թանկության ցուցանիշով Երևանից ետ է 24, Բաքվից` 43 կետով:
Ընդհանուր առմամբ, սակայն, ըստ զեկույցի, նախորդ տարվա համեմատ` այս տարի ապրուստը երեք քաղաքներում էլ էժանացել է:
Աշխարհի կտրվածքով, երկրորդ տարին անընդմեջ ամենաթանկ քաղաքն է համարվում Անգոլայի մայրաքաղաք Լուանդան, երկրորդ հորիզոնականում է Ճապոնիայի մայրաքաղաքը, երրորդում` Չադի մայրաքաղաք Նջամենան, չորրորդում` Մոսկվան:
Ամենաէժան քաղաքները, ըստ «Մերսեր»-ի, գտնվում են Պակիստանում, Բոլիվիայում եւ Նիկարագուայում: