Երևանյան անսկզբունքայնություն

8

«Մենք պայքարել ենք, թե մեր հոգու մեջ, թե իրականում միացյալ Հայաստանի համար և սեպտեմբերի 2-ը ունենալու է պատմական, բարոյական և իրավական նշանակություն»,- շնորհավորելով բոլորին Արցախի անկախության 20-ամյակի առթիվ` նշեց ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Պատգամավորը ցավով է նշում, որ թեև մեր տարած հաղթանակին ու այժմյան անկախությանը, միևնույն է բանակցային գործընթացում մեր դիվանագետները բավական թերանում են. «Դիմել եմ մեր ԱԳՆ-ին, թե արդյո՞ ք նա ունի Արցախյան հարցին վերաբերող որևէ համապարփակ հայեցակարգ: Եվ ստացել եմ պատասխան, որ մշակվում է: Այսինքն մեր ժողովուրդը կարողանում է դուրս գալ անելանելի վիճակներից, բայց մինչ այսօր մեր սեղանի վրա, մեր դիվանագիտական դպրոցում չկա որևէ հայեցակարգ Արցախի մասին»:
Տիկին Ալավերդյանը զարմանում է, որ հայկական կողմը քննարկումներից մեկի ժամանակ իրեն մի փաստաթուղթ է ներկայացրել, որում մասնավորապես ասվում է. «Արցախյան Ազատագրական պայքարում Արցախը ստիպված է եղել վերահսկողության ներքո վերցնել բուֆերային զոնաներ»: Ալավերդյանը բարկանում է` այդ ի՞նչ բուֆեր է, ո՞ր մի պետությունն է իր իսկ տարծքները բուֆեր համարում: Պատգամավորին նաև հուզում է այն, որ մեր խորհրդարանը այդպես էլ չի ներառում իր օրակարգի մեջ Արցախի անկախության ճանաչման նախագիծը` նշելով, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը, հենց որ պատերազմ սկսվի: «Ես էստեղ վերապահում ունեմ: Մենք ի՞նչ է կանչում ենք պատերազմի»,- զարմանում է Ալավերդյանը:
Անդրադառնալով բանակցային գործընթացում առկա Մադրիդյան սկզբուներին` պատգամավորը նախընտրեց դրանք անվանել «Երևանյան անսկզբունքայնություն», քանզի այդ փաստաթղթի մեջ հայկական կողմի շահերը ներկայացնող, ոչ մի կետ չկա: