«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք»-ի միջոցառումները շարունակվում են

90

«Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում ապրիլի 23-ին մայրաքաղաքում սպասվում են մի շարք միջոցառումներ: Ժամը 12.00-ին կբացվի «Բորխեսի մասին» ֆոտոցուցահանդեսը, որին կմասնակցի Բորխեսի կինը` Մարիա Կոդաման:

«Ակադեմիա» պատկերասրահում ելույթ կունենա Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էռնան Լոմբարդին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Բորխեսի այրին՝ Մարիա Կոդաման, ինչպես նաև «Ակադեմիա» պատկերասրահի տնօրեն Գոռ Վարդանյանը:

Ժամը 13.30-ին «Հայ-ամերիկյան պատմամշակութային առնչություններ» ցուցահանդեսի շրջանակում կլինի գրքերի նվիրատվություն Ազգային գրադարանին: Այստեղ նախատեսված են ելույթներ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի, նաև Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի կողմից:

14.30-ին նախատեսված է Դավիթ Երևանցու «Վարք Հավերժության» արձանի բացման արարողությունը՝ Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում: Ժամը 15.00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կլինի «Գրի հավերժություն…» խորագրով ցուցահանդեսի բացումը, կներկայացվի քաղաքակրթության զարգացման պատմությունը, որտեղ իր դրոշմն է թողել գիրն ու գիրքը սկսած հնագույն ժամանակներից մինչև էլեկտրոնային գիրք:

Իսկ օրվա վերջում ականատես կլինենք հայ գրքի վիրտուալ թանգարանի շնորհանդեսին: