Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը հուլիսի 3-5-ը պաշտոնական այցով կլինի Հարավկովկասյան տարածաշրջանում: Այցը կմեկնարկի Հայաստանում հուլիսի 3-4-ին և կշարունակվի Վրաստանում և Ադրբեջանում: Տեղեկացնում են Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության մամուլի և տեղեկատվության բաժնից:
Ռոմպոյը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ և ողջույնի խոսք կուղղի Ազգային Ժողովի պատգամավորներին: Նախագահ Ռոմպոյը նաև բացման խոսքով հանդես կգա «Հայաստանը Եվրոպայում» քաղաքացիական հասարակության ֆորումի առջև, ինչպես նաև կայցելի Ազգային պատկերասրահում ներկայումս ընթացող «Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» և «Հայկական տպագիր գրքի 500-ամյակ» ՅՈՒՆԵՍԿՕ ցուցահանդեսներին: Այնուհետև նա կարճատև այց կկատարի Զվարթնոցի տաճար:
Հանդիպումների ընթացքում վան Ռոմպոյը զրուցակիցների հետ կքննարկի Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ներքին քաղաքական իրավիճակին, տարածաշրջանին վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրության այլ հարցեր:
Վան Ռոմպոյը և Սարգսյանը համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն: