Եգանյանն այդպես էլ չի համոզվում, որ արտագաղթ կա

9

Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը արտագաղթի վերաբերյալ հրապարակված տվյալներին թերահավատությամբ է վերաբերում, նշելով, որ սահման անցնողների թվերն են հրապարակում, առանց հաշվի առնելու սեզոնը, ապա չբացառեց, որ հրապարակումները լինում են նաև քաղաքական շահարկումների նպատակով:

«Այն գնահատականները, որ հնչեցվում են զանգվածային արտագաղթի վերաբերյալ, մեր ունեցած տվյալները դրա իսկությունը չեն ապացուցում, որովհետև ամեն մի միգրանտ նախ և առաջ ուղևոր է, եթե երկու տարում զանգվածային արտագաղթ է եղել, նշանակում է, որ Հայաստանից ուղևորների ելքը պետք է անհամեմատ աճած լիներ և տարբերությունը նախորդ տարիների համեմատ պետք է մեծ լիներ, սակայն տարբերությունը ընդամենը կազմում է 2-4 հազար: Այս բնագավառում հեղափոխական, ցնցումային բան չի կատարվում»,-նշեց Եգանյանը:

Իսկ թե ինչու վերջին մի քանի տարիներին հետազոտություն չի անցկացվել, Եգանյանն ասաց, որ դրանք նախկինում ֆինանսավորվել են միջազգային տարբեր կառույցների ֆինանսական միջոցների հաշվին, այժմ մտածում են, որ օգտագործեն բյուջեի միջոցները: Նախատեսվող մարդահամարը որոշակի չափով կպատասխանի մի քանի հարցերի: