Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը 2013 թվականի մարտի 20-ին հրապարակեցին «հարևանության ամենամյա փաթեթը», որը ներառում է համատեղ ուղերձ’ «Գործընկերությունն ամրացնելու ուղղությամբ աշխատանքը»), Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության իրագործման 2012 թվականի առաջընթացի գնահատմամբ, «Գործընկերություն հանուն ժողովրդավարության և համատեղ բարգավաճման» զեկույցը հարավային միջերկրական երկրների հետ, Արևելյան գործընկերության 2012 թվականի զեկույցը, 12 երկների զեկույցները (2012 թվականի զարգացումներն ու առաջարկվող գործողությունները), ներառյալ Հայաստանի զեկույցը և վիճակագրական առդիր:
Այս տարվա զեկույցի հիման վրա, հաշվի առնելով նաև 2013 թվականի ընթացքում ԵՀՔ-ի գործողությունների ծրագրի իրագործումը շարունակելու անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետությանը կոչ է արվում.
1. Լրացուցիչ քայլեր ձեռնարկել 2012 թվականի մայիսի խորհրդարանական և 2013 թվականի փետրվարի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մատնանշած թերությունների ուղղությամբ՝ ի կատար ածելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները, այդ թվում՝ նախագահական ընտրությունից հետո օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունը:
2. Լիովին հետաքննել 2008 թվականի մարտի նախագահական ընտրություններից հետո բախումների ժամանակ տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքները, ոստիկանությունում ազատազրկման ընթացքում դաժան վերաբերմունքի և արդար դատավարության խախտումների վերաբերյալ բողոքները:
3. Նոր թափ հաղորդել Մադրիդյան սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ Ադրբեջանի հետ միասին գործադրվող ջանքերին՝ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստանձնած հանձնառություններին համահունչ:
4. ԵՄ-ի ներկայացուցիչների համար Լեռնային Ղարաբաղը և հարակից շրջաններն անարգել այցելելու հնարավորություն ապահովել՝ հակամարտության վերափոխման աշխատանքներին սատարելու նպատակով, Մինսկի խմբի գործունեությունը լիովին փոխլրացնելու կարգով:
5.Նպաստել հակամարտության կարգավորման առաջընթացի համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը, խրախուսել և օժանդակել խաղաղության հաստատման հարակից աշխատանքների իրականացմանը:
6. Ապահովել Մարդու իրավունքների ազգային ռազմավարության իրագործումը, ձևակերպել, ընդունել և ի կատար ածել հարակից Միջոցառումների ծրագիրը:
7. Հեռարձակման մասին օրենսդրության մեջ փոփոխություններ կատարել՝ ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի առաջարկություններին համահունչ, և ապահովել բազմակարծությունը հեռարձակվող լրատվամիջոցներում:
8. Վերջնական տեսքի բերել «Խղճի ազատության և կրոնի մասին» օրենքի նախագիծը՝ միջազգային չափանիշներին համահունչ, ինչպես նաև՝ այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությունը՝ Վենետիկյան հանձնաժողովի և ԵԱՀԿ-ի առաջարկություններին համահունչ:
9. Խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն ընդունել, այդ թվում՝ լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որոնց արդյունքում օրենսդրությունը կներդաշնակեցվի գենդերային հավասարության և խտրականության բացառման ոլորտներում ԵՄ-ի օրենսդրական կարգավորումներին:
10. Խորացնել կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերը, այդ թվում՝ կյանքի կոչել 2012 թվականին ընդունված օրենքները և զարգացնել
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի պետական հանձնաժողովի կարողությունները, անկախությունը և թափանցիկությունը:
11. Խորացնել պետական կառավարման բարեփոխումների իրագործումը, այդ թվում՝ միջոցառումներ իրականացնել իրավապահ և դատական ոլորտների բարեփոխման ուղղությամբ (մասնավորապես՝ դատական համակարգի անկախությունը և դրա նկատմամբ հանրության վստահության մակարդակը բարձրացնելու, դատավորների վերապատրաստումը կատարելագործելու և քրեական դատավարության օրենսգիրքը վերանայելու ուղղություններով):
12. Շարունակել պետական կառավարման բարեփոխումները, մասնավորապես՝ քաղաքացիական ծառայության համակարգում կարիերայի և վարձատրության՝ արժանիքների հիման վրա առաջխաղացման համակարգի ամրապնդմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմամբ և հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումների շարունակմամբ:
13. Շարունակել ոլորտային բարեփոխումների գործընթացը, առևտրի ոլորտում և առևտրին առնչվող ոլորտներում ԵՄ-ի օրենսդրական կարգավորումներին Հայաստանի իրավական դաշտը մոտարկելու գործընթացները՝ ԽՀԱԱԳ-ի ընթացող բարեփոխումներին զուգահեռ, մասնավորապես՝ սանիտարիայի և բուսասանիտարիայի միջոցառումների, առևտրի տեխնիկական խոչընդոտների, մտավոր սեփականության իրավունքների և մաքսային ոլորտներում:
14. Խթանել մրցակցային տնտեսական միջավայր ապահովելու ջանքերը, այդ թվում՝ բարելավելով պայմանագրերի կիրարկումը, հեշտացնելով հարկերի վճարումը և անդրսահմանային առևտուրը:
15. Աշխատել Մեծամորի ատոմակայանը հնարավորինս վաղ փակելու ուղղությամբ և ընդունել կայանի շահագործման դադարեցման մանրակրկիտ ծրագիր՝ հաշվի առնելով 2012 թվականի սթրես-տեստերի զեկույցի արդյունքները: