ԵԽ. Անընդունելի է այն, որ դատապարտված մարդասպանին ողջունեցին՝ ինչպես հերոսի

7

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդը սեպտեմբերի 4-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված մարդասպան Ռամիլ Սաֆարավոի ազատ արձակման հետ:

ԵԽ-ի պաշտոնական կայքում տեղ գտած այդ հայտարարությունում նշված է, որ Սաֆարովի գործած հանցագործության հերոսացումն անընդունելի է. «Ռամիլ Սաֆարովը ձերբակալվել է Հունգարիայում և սպանության համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: Օգոստոսի 31-ին նա արտահանձվել է Ադրբեջանին և անմիջապես ներման արժանացել:

Ես չեմ ցանկանում մեկնաբանել դատական գործընթացը, սակայն կարծում եմ, որ անընդունելի է այն, որ դատապարտված մարդասպանին ողջունեցին՝ ինչպես հերոսի: Ես մերժում եմ այն աշխարհի հեռանկարը, որում բարոյականությունը սկսվում է քայքայվել, և որում մարդկային արժանապատվությունն անարգվում է:

Դա այն Եվրոպան չէ, որը մենք ցանկանում ենք մեր հետագա սերունդներին: Ես անընդունելի եմ համարում հանցագործության փառաբանումը և կոչ եմ անում պահպանել մարդկային կյանքի ու արժեքների հանդեպ տածած հարգանքը, որոնք պաշտպանված են ԵԽ-ի կողմից»: