ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Հադրութի ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը /Բուլղարիա/ և Վիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:
Ադրբեջանի տարածքից դիտարկման առաքելությունը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ դեսպան Անջեյ Կասպշիկը: Դիտարկման խմբում ընդգրկված էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Անտալ Հերդիչը/Հունգարիա/:
Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: