ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում շոշափելի առաջընթաց չկա

6

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը` պատասխանելով Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ հարցին նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Ղարաբաղյան հակամարտության կողմերը վստահեցրել են, որ քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ուժի կիրառում կամ սպառնալիք չի լինի: Հայտնում է ադրբեջանական 1news.az -ը:

«Ես գիտեմ, որ դա վիճելի հարց է և հարկավոր է քննարկել: Իմ հիմնական անհանգստությունը` նորից ու նորից, անվտանգության հարցերն են»,- ասել է նա` շեշտելով, որ կողմերը խոստացել են հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով` առանց ուժի կիրառման, հարցը չքաղաքականացնելով:

Զանիերը շեշտել, որ հակամարտութայն կարգավորման գործընթացում շոշափելի առաջընթաց չկա, որոշ բաներ նույնիսկ վատթարացել են: «Վերջին իրադարձությունները, այդ թվում` Ռամիլ Սաֆարովի ներման շուրջ ստեղծված իրավիճակը, նաև Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի բացման հարցը հանգեցրին լարվածության և չեն նպաստում խաղաղ գործընթացին ու կողմերի միջև վստահության վերականգնմանը»,- նշել է նա:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ լիովին աջակցում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը, դա միակ ձեւաչափն է, որը պետք է զբաղվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, իսկ եթե փոփոխություն է ենթադրվում, ապա դա պետք է համաձայնեցվի կողմերի հետ: Զանիերի կարծիքով գործընթացում հարկավոր չէ մեծ թվով երկրներ ու կազմակերպություններ ներգրավել, քանզի հարցի լուծումը պետք է գտնեն հակամարտության կողմերը՝ հավելելեով, որ դրսից պարտադրված որոշումը տվյալ դեպքում անհնար է, նաև արդյունավետ էլ չի լինի: