ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Գոյություն ունեցող ստատուս-քվոն անընդունելի է

10

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն Ադրբեջանում անցկացված ասուլիսի ընթացքում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Տեղեկացնում է APA-ն:

«Հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպերը լուրջ մտահոգություն են առաջացնում: Դրանք անթույլատրելի են, քանի որ դրանց հետևանքով մարդիկ են զոհվում: Գոյություն ունեցող ստատուս-քվոն անընդունելի է»,- ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:

Զանիերը նշել է, որ ԵԱՀԿ-ն մի շարք միջոցներ է առաջ քաշում` դիպուկահարներին շփման գծից հեռացնելու, վստահության մթնոլորտ ձևավորելու, շփման գծում գրանցված միջադեպերի հետաքննման մեխանիզմների մշակման հարցով: «Բանակցություններին այլընտրանք չկա: Անհրաժեշտ է հասնել հակամարտության կարգավորմանը: Սակայն չի կարելի այդ լուծումը փաթաթել կողմերի վզին, կողմերն իրենք պետք է դրան հանգեն»: