«2012 թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած հանցագործության մասնակիցներին հայտարարում ենք` դուք մնացիք բռնապետության խավարի մեջ ձեզ արժանի տեղում, բարով մնաք»,- հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ իրենց ձայնը տվել են ընդդիմությանը: Այն ուռճացված ցուցակները, որոնք հրապարակվեցին եւ քվեներ գրվեցին այս կամ այն կուսակցության օգտին, կրկին արձանագրեցին դե-ֆակտո խորհրդարանի առկայություն, որը կապ չունի մեր ժողովրդի շահերի հետ:
2012 թվականի մայիսի 6-ին ցավալի եւ ողբերգական իրողությանը ականատես դարձանք. մեր հայրենակիցներին անձեն եւ անզեն ստրուկ-մարդ կարգավիճակով իշխող կուսակցությունների ներկայացուցիչները շարասյունով տեղափոխում էին ընտրատեղամաս` իրենց վերարտադրությունն ապահովելու համար: Իրենց հայրենակիցներին սեփական հայրենիքում հայ իշխանավորները կրկին պարտադրեցին ստրկություն, սեփական ժողովրդին իրենց կամքին ենթարկեցին բռնության, գումարային փշրանքների եւ կեղծ բարեգործության միջոցով:
Օրինակելի դրոշի առաջնորդությամբ մենք կարող ենք հասնել մեր նպատակներին` ավերակ դարձած մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ վերածննդի օրվան: Օրինակելի դրոշը ազատության եւ արդարության վերականգնման համար պայքարն է: Հանուն այդ դրոշի ապրում եւ մեռնում են, դա միակ բանն է, որի համար մարդիկ պատրաստ են զոհվել զանգվածներով, եթե նրանց այդպես են դաստիարակում:
Մենք շուրջ 20 տարի առաջ պատրաստ էինք մեռնել մեր հայրենիքի ազատագրման համար, պատարաստ էինք, քանի որ մեզ այդպես էին դաստիարակել:
Ներկայումս մեզ մնում է անհանդուրժող լինել արյունակից, բայց հանցավոր իշխանավորների նկատմամբ: Մենք պետք է անցնենք գործի. ազատ եւ արդար հայրենիքում ապրելու մեր իրավունքը պետք է դադարի լինել անհատների երազանքը, այն պետք է դառնա զանգվածների երազանք:
Մենք մեր ճանապարհը գիտենք` այն լուսավոր է եւ մեզ ուղղորդող: 2012 թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած հանցագործության մասնակիցներին հայտարարում ենք` դուք մնացիք բռնապետության խավարի մեջ ձեզ արժանի տեղում, բարով մնաք:
Աշխարհի տարբեր կողմերից «Պանդուխտ հայազգիք գալիս են դեպի յուրյաց ՀԱՅՐԵՆԻՔ»` ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»: