Թուրքական լրատվական կայքերից մեկի տեղեկացմամբ` Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Դիարբեքիրի հայկական Սբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով մեկնել է Դիարբեքիր:
Եկեղեցու վերականգնման համար պահանջվել է 2.5 մլն դոլար: Ֆինանսական ծախսերը հոգում է Դիարբեքիրի հայերի հիմնած Սբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը: Ըստ նախատեսվածի` վերանորոգման աշխատանքները ավարտվելու են այս տարի:
Նախատեսված է, որ եկեղեցու գմբեթին խաչ է տեղադրվելու և կթույլատրվի պատարագ մատուցել: Հիմնադրամի նախագահ Թեքին Փափուչյանի տեղեկացմամբ` 1978 թվականից ի վեր այդ եկեղեցում կրոնական արարողություն չի կազմակերպվել:
Նշենք, որ Սբ Կիրակոս եկեղեցին 6 դարյա պատմություն ունի և միջին արևելյան տարածքներում գտնվող ամենամեծ հայկական եկեղեցին է, որտեղ տեղավորվում է ավելի քան 2 հազար մարդ: