Դեմոյանի ու Այվազյանի կռիվը խորանում է:

16

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Այվազյանը դատի է տվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին, սակայն վերջինս ասել է, որ չի վախենում ոչ Այվազյանից, ոչ էլ նրա դատական հայցից:

Հայցվոր Արմեն Այվազյանը համարում է, որ պատասխանող Հայկ Դեմոյանը վիրավորել ու զրպարտել է իրեն և դատարանից պահանջում է պատասխանողին պարտավորեցնել իրեն վճարել 1.000.000 դրամ՝ որպես հասցված վիրավորանքների դիմաց փոխհատուցում և 2.000.000 դրամ՝ որպես զրպարտելու դիմաց փոխհատուցում:
Իսկ Դեմոյանը ի պատասխան նշել է, որ չի պատրաստվում պատասխան հայցով հանդես գալ Այվազյանի դեմ: Ըստ News.am-ի Դեմոյանը հավելել է. «Ես այնքան զբաղված եմ, որ չեմ կարող ճղճիմ բաների մեջ մտնել: Բացի այդ` ես չեմ կարող այդ մակարդակի մարդու մակարդակին իջնել, քանի որ գիտնականը միայն պետք է զբաղվի գիտական աշխատանքով, այլ ոչ թե մեկի մյուսի հետեւից ընկնելով իր համար հեղինակություն ստեղծի: Դատի տալն ու որեւէ մեկի դեմ ստորագրահավաք սկսելը իր սիրած ժանրն է, սակայն ինձ սա չի վախեցնում, ինչպես նաեւ չի վախեցնում իր դատական հայցը»:

Հիշեցնենք, որ Դեմոյանը «Գիտության սանիտարները կամ անբուժելի մեծամտության վնասները. ցավակցական նոթեր Գևորգ Յազըճեանի «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» գրության շուրջ» վերնագրով հոդվածում Արմեն Այվազյանին անվանել է «իրեն ռազմավարագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն հորջորջող անձ», «էժանագին պոպուլիզմով ու ինքնահավանության մոլուցքով տառապող լյումպենացված խմբակի», «մերժվածների խմբակի»-ի անդամ՝ ավելացնելով, թե այդ «խմբակ»-ի «(բ)աշիբոզուկային գործելակերպը» շատերին է նրանից վանել, և որ ինքն այդ «խմբակ»-ի մասին կարող է ասել՝ «անցավորաց մասին կամ լավ, կամ ոչինչ» և այլն: