Առաջին հայացքից շատ թվացող բերքը որքան էլ զարամանալի է մեծ խնդրի առաջ է կանգնեցրել առանց այդ էլ հոգսաշատ գյուղացիներին: Թեև նրանք ողջ տարին ջանում էին ստանալ լավ բերք, հիմա ոչ ավել ոչ պակաս կանգնած են փակուղում: Ինչ անել բերքը: Եվ սա է պատճառը, որ գյուղացու և Գյուղատնտեսության նախարարության հարատև վեճն այս օրերին առավել արդիական է: Կրկին գյուղացին կանգնած է բերքը իրացնելու խնդրի առաջ, իսկ նախարարության համապատասխան պաշտոնյաները պնդում են, որ նման խնդիր չկա, սա շինծու ու սարքովի է: Ու որպեսզի հասկանանք, թե ով է իրականում ճիշտ կամ գոնե մոտ դրան, խոսեցինք կողմերի հետ: Արմավիրի մարզի Լենուղի գյուղում դեղձի այգի մշակող Վազգեն պապն անհուսալի վիճակում է: Վարկ է վերցրել, ամբողջ տարին չարչարվել, աղոթել, որ բերքը շատ լինի, բայց արի ու տես, որ հիմա էլ ունի այլ խնդիր: Ապրուստի միակ միջոց հանդիսացող դեղձը թեև առատ է, սակայն բերքահավաքի թեժ պահին թափվել է այգով մեկ ու ոչ մեկին չի հետաքրքրում` բացի քրտինք թափած Վազգեն պապից: Եվ նա միակը չէ այս գյուղում ու առհասարակ հանրապետությունում. նրանք շատ են, բայց խնդիրը սեփական ուժերով լուծել չեն կարող: Եկամուտ ստանալու փոխարեն այստեղ սպառնում է դառը դատելու, դատարկ նստելու տխուր ապագան: «Ոչ ոքի հետաքրքիր չէ մեր բերքը, 100 տեղ դիմել ենք, խնդրել ենք, բայց ոչ մի բան, մեկ-մեկ անհատներ գալիս են ջրի գնով տալիս ենք գնում ա, բայց նույնիսկ տենց մեր բերքի կեսը սկի չենք կարա ծախենք, բա հիմա մենք ինչ անենք, մենք ինչով ենք մեղավոր, որ գյուղում ենք ծնվել ու ապրում, ինչի մեզ սկի բանի տեղ չեն դնում»,-ասում է Վազգեն պապը: Իսկ տիկին Հռիփսիկն էլ նախանձով է նայում ծիրանի այգի ունեցողներին. «Ծիրանի բերքը լավ էր, մարդիկ կարողացան հեշտ պայմանագիր կապեն, ընտրություններ էին, ընկել էին մարդկանց ոտքերը, իսկ հիմա ոչ մի բան, ոչ մի օգնություն»,-ասում է նա: Իսկ Գյուղնախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահագն Մարտիրոսյանը, զարմանալով նշված խնդրից, գյուղացու հոգեբանությունը համարում է յուրօրինակ: «Գյուղացին հավերժ դժգոհում է»,- համոզված է նա: «Նման խնդիր գոյություն չունի, գյուղացին միշտ դժոգոհ է, իրացման խնդիր այսօր գյուղացին չունի»,-ասաց նա: Իսկ մեր այն հարցին, թե որը կարող է լինել նման` իրենց խոսքերով ասած ստի պատճառը, Վահագն Մարտիրոսյանը պատասխանեց` «Հարցը հռետորական է և պահանջվում է հռետորական պատասխան»,-ասաց նա, բնավ էլ չտալով ոչ հռետորական ու ոչ էլ իրատեսական այլ պատասխան: Միայն խորհուրդ տվեց լրատվամիջոցներին ու գյուղացիներին կարդալ իրենց կայքում տեղադրված գյուղնախարարի զեկույցը, որը վերաբերում է նաև իրենց կողմից իրականցված աշխատանքին: «Ամբողջ բերքը տեր ունի, ու պետք չի սուտ ասել, թե թափում ենք բերքը և այլն, իրացման խնդիր չկա»,-ասաց նա: Այստեղ հարց է առաջանում, որը նման է մոտավորապես հավն էր առաջինը, թե ձուն: Ո՞վ է ստում: Գյուղացի՞ն, որը արցունքն աչքերին նայում է իր բերքին, ակամայից մտաբերում վարկերն ու առանց եկամտի մնալու տխուր ապագայի պլաններ կազմում, թե՞ գյուղնախախարությունը, որն ամեն տարի այս շրջանում, գյուղացուն համարում է յուրօրինակ բնավորության տեր, ու ասում, որ ամեն հնարավրոն ու անհանրինն անում են` հանուն գյուղացու: Ո՞ւմ հավատալ: Հավանաբար միայն սեփական աչքերին, այն, որ բերքը թափված է այգով մեկ ու ոչ ոքի չի հետաքրքրում: