«Թարմ պոմիդորի փոխարեն քոլերին մնացել են պոմիդորի չրեր, իսկ արկղերում պոմիդորի հյութ»,- ասում է Արմավիրի մարզի Այգեվազ գյուղի բնակչուհի Ջեմման: Ինչպես ինքն է ասում, պոմիդորը մնացել է վրան: Ոչ մի մթերող կազմակերպություն չի վերցնում իրենից բերքը. «Առանց էն էլ այս տարի քիչ բերք ունեի, մի մասն էլ արևից են վառվել, հիմա էլ չեն վերցնում,մնացել ա վրաս, չգիտեմ ինչ անեմ»:
Ըստ Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի` պոմիդորի մթերման խնդիր չկա. «Մենք հայտարարել ենք, որ թեև ՄԱՊ-ն այս պահին ունի խնդիրներ, ու չի մթերում, բայց այլ կազմակերպություններ, բերքն ամողջությամբ մթերում են»,-ասաց նա: Իսկ տիկին Ջեմման հակադարձում է. «Ո՞ւմ ա պետք էդ մթերելը, որ բերքս փչանում ա: Ես արդեն քաղել եմ պոմիդորը, որովհետև, քոլի վրա փչանում էր, որտեղ տանում եմ, հերթ ա, մարդիկ տարբեր տեղեր պայմանգիր ունեն, ո՞վ ինձնից կառնի իրա պայմանագիրը թողած: Մենակ մի տեղ էր, որ տարա ասեցին մյուս երկուշաբթի կբերես, մյուս երկուշաբթի տոմա՞տ տանեմ արդեն»,-ասում է նա:
Իսկ փոխնախարար Մակարյանը խորհուրդ տվեց խնդրի դեպքում տեղյակ պահել իրենց: «Գյուղնախարարությանը ոչ մի բան էլ չի լինում տեղյակ պահել, գնում ես ժամերով սպասում, երեսի զոռով մտնում մեկի մոտ, ասում ա` կլուծենք, ու չի լուծում, մարդ ավելի շատ ա իրեն էշ զգում, սա ինչ ա սա գյուղացու ինչ ապրուստ ա, պարտք եմ վերցրել, որ երք ստանամ, ծախեմ, հիմա էլ չի ստացվում, էս պետություն չի»,-վրդովված ասում է գյուղացի կինը:
Շարունակ իր բերքի հետ երազանք հյուսած գյուղացին կրկին դառը կդատի, ու դատարկ կնստի: Ոչ նրան օգնող կա, ոչ շահերը պաշտպանող: «Ավտո վարձեցի բերեցի քաղաք, ինչ գնով որ պիտի հանձնեմ` 30 դրամ, էդ գնով շենք-շենք գնացի, որ ծախեմ: Մի քանի տեղ շուկայի աշխատողները գայլերի պես հասան վրաս, չթողեցին ծախեմ, մի մասում ծախեցի, բայց տենց ինչքան ծախեմ, տոննաներով բերք ունեմ, արդեն ահագին թափել եմ»,-ասում է նա:
Մենք փորձեցինք մթերող տարբեր ընկերություններից ճշտել, արդյոք նրանք մթերում են բերքը, ու գրեթե ոչ մի տեղից նորմալ պատասխան չստացանք: Հեռախոսազանգին պատասխանողները միաբերան ասում էին, որ մթերում են, բայց միայն իրենց հետ պայմանագիր կնքած մարդկանց հետ. «մեկ-մեկ էլ կողքից, էդքանը մթերենք ինչ անենք»,-ասացին նրանք:
Ստացվում է, որ գյուղացին կրկին դժգոհում է, բայց կրկին տեղին: