Գլխավոր դատախազի աշխատավարձը 784 հազար դրամ է

7

Օրաթերթերից մեկի հոդվածին ի պատասխան, որ Աղվան Հովսեփյանի աշխատավարձը գերազանցում է 1 մլն դրամ, այսօր գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել և գրել, թե իրականում որքան աշխատավարձ են ստանում գլխավոր դատախազն ու իր տեղակալները: Ըստ այդմ` ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը ստանում է 784.000 դրամ, տեղակալ Ա.Թամազյանը` 666.400 դրամ,տեղակալ Մ.Սարգսյանը` 609.168 դրամ, տեղակալ Ա.Դանիելյանը` 368.480 դրամ, տեղակալ Գ.Կոստանյանը` 333.200 դրամ:
Դատախազությունը գրում է, որ դատախազների աշխատավարձը ներառում է երկու բաղադրիչ՝ պաշտոնային դրույքաչափ եւ աշխատանքային ստաժի հավելավճար: Գործող օրենսդրությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է 392.000 դրամ, իսկ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը՝ 333.200 դրամ, որին գումարվում է աշխատանքային ստաժի հավելավճարը: Դասային աստիճանների համար դատախազները հավելավճարներ չեն ստանում:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների աշխատավարձերի միջեւ տարբերությունը պայմանավորված է ՀՀ դատախազության համակարգում աշխատանքային ստաժի տարբերությամբ: