Գիզիրյանը չի կատարում դատարանի վճիռը

10

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը արդեն մեկ տարի է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահին չի տրամադրում պետական բյուջեի միջոցներից Շիրակի մարզի քաղաքացիներին 2005-2009 թթ. Հատկացված 70 մլն դրամի օգնության մասին տեղեկությունները:

2010 թվի հունվարի 18-ին Ժուռնսլիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը հարցմամբ Շիրակի մարզպետ Լ.Նանյանից խնդրել էր այդ տեղեկությունները, որոնք մարզպետը մերժել էր տրամադրել քաղաքացուն: Նոր նշանակված մարզպետ Աշոտը Գիզիրյանը դատական գործի ավարտին՝ 2010-ի հունիսի 16-ին կնքած հաշտության համաձայնագրով պարտավորվել էր տրամադրել հարցված տեղեկությունները, ինչը լրիվությամբ չի արել մինչ օրս:

5 ամիս շարունակ չստանալով հաշտության համաձայնագրով նախատեսված տեղեկությունները, 2010 թվի դեկտեմբերի 6-ին ԺԱԱ խորհդրդի նախագահը դիմեց ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզային բաժին, որը մարզպետարանից ստացավ և հայցվորին տրամադրվեց խոստացված տեղեկությունների մի մասը՝ 2005-2009թթ. հատկացումները առանց շահառուների նույնականացման տվյալների, դրանք թերի են և չեն համապատասխանում դատարանի վճռով նախատեսվածին: Դրանցում առկա են միայն շահառուների անուն-ազգանունները և հատկացված գումարների չափերը, չկան հասցեները և հատկացման նպատակը: Մարտի 30-ին Լ.Բարսեղյանը երկրորդ բողոքն հղեց ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժին, հերթական անգամ խնդրելով կատարել սեփական պարտականություններն ամբողջությամբ և հարկադրել Շիրակի մարզպետին կատարել հաշտության համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները:

Տրամադրված թերի տեղեկություններում հեշտությամբ կարելի է գտնել հարյուրավոր համընկումներ Շիրակի մարզպետարանում աշխատող և աշխատած պաշտոնյաների, համայնքապետերի և դպրոցների ղեկավարների անուն-ազգանունների հետ, ինչը կոռուպցիայի, պաշտոնական դիրքի չարաշահման լուրջ կասկածների հիմք է տալիս: Մեկ անձին արված հատկացումների չափերը գտնվում են 10.000-1.500.000 դրամի միջակայքում, հիմնականում՝ 20.000-50.000-ական դրամ:
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը ոչ մի կերպ չի կամենում տրամադրել հաշտություն կնքած կողմին կամ հրապարակել ինքնուրույն: