Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, հոկտեմբերի 4-ին, Գարեգին Բ-ն ընդունել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիին եւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանին:
Մայր աթոռից հայտնում են, որ Գարեգին Բ-ն անդրադարձել է երկու ժողովուրդների եւ երկրների միջեւ սերտ հարաբերություններին` նշելով, որ լիբանանահայերը, որպես արժանավոր քաղաքացիներ մշտապես գնահատվել ու սիրվել են Լիբանանի ժողովրդի ու իշխանությունների կողմից: Նա իր շնորհակալությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին` Հայոց ցեղասպանության տարիներից ի վեր Լիբանանում հանգրվան գտած հայորդիների հանդեպ ցուցաբերած ջերմ ընդունելության եւ հոգատարության համար: Գարեգին Բ-ն նաեւ իր մասնավոր շնորհակալությունն է ուղղել Լիբանանի կառավարությանը` Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու եւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որդեգրած հավասարակշիռ դիրքորոշման համար:
Իր հերթին` Լիբանանի Խորհրդարանի նախագահը մեծ գնահատանքով է խոսել Լիբանանի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում հայ քաղաքացիների ունեցած կարեւոր ներդրման մասին, վերհիշեց նաեւ 1997 թվականի իր այցը Մայր աթոռ սուրբ Էջմիածին:
Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ միջկրոնական երկխոսության մեջ Հայ Եկեղեցու ներգրավվածության, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված կրոնական առաջնորդների համատեղ ջանքերի մասին: