«Երկիրը» գրում է, որ ծագումով լիբանանցի Աբել քահանան ավելի քան 10 տարի առաջ Կանադայից ինքնակամ ժամանել է Շվեյցարիա եւ իրեն հռչակել թեմի առաջնորդ: Վերջերս էլ անհնազանդություն է ցուցաբերել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հանդեպ, ինչի համար էլ կարգալույծ է արվել. Շվեյցարահայ թեմում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների մասին տեղեկություններ հայտնեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
«Խնդիրը հանդարտ կարգավորելու համար տարիների համբերատարություն է դրսեւորվել: Քանի որ մենք չենք բացառում մարդու վերափոխվելու հնարավորությունը, նրան տրվել է այդ հնարավորությունը, բայց սա այդ դեպքը չէր»,- ասաց Սրբազան հայրը:
Նա տեղեկացրեց, որ կաթողիկոսը բազմիցս դիմել է Աբել քահանային, որ ժամանի Էջնիածին եւ տեղում խոսեն խնդրի մասին, սակայն քահանան միշտ նույն` «տեղի իրավիճակը թույլ չի տալիս հեռանալ երկրից» պատճառաբանմամբ:
Իսկ 2010-ի հունիսի 1-ին շվեյցարիացի փաստաբանի կողմից կաթողիկոսը նամակ է ստանում, որի միջոցով «սպառնում» են նրան, որ եթե կարգալույծ անի Աբել քահանային, ապա քրեորեն կպատժվի: Ուշագրավ է հանգամանքը, որ փաստաբանը կաթողիկոսին դիմել է վերջինիս աշխարհիկ /Կտրիճ Ներսիսյան/ անունով, ինչն անպատվություն է համարվում:
Մայր Աթոռը պատրաստվում է իրավական ճանապարհով Շվեյցարահայոց թեմն իր տնօրինության ներքո վերցնել: Շվեյցարահայոց թեմում Աբել քահանան, ըստ եպիսկոպոս Խաչատրյանի, ամսական 7000 ֆրանկ աշխատավարձ է ստանում, դրա համար էլ չի ցանկանում ենթարկվել Մայր Աթոռին, Ամենայն հայոց կաթողիկոսին եւ նմանօրինակ անհնազանդությունների է դիմում:
Ի դեպ նշենք, որ Տ. Աբել քահանա Մանուկյանը ապօրինի է համարում Կաթողիկոսի որոշումը. «Ո՛չ ձեզնից կարգ ստանալն է պատիվ, և ո՛չ էլ կարգալույծ լինելը՝ անպատվություն: Դուք կկարծեք, թե կարգալույծ անելը Ձեր զորությունն է, մինչդեռ այն ձեր ամենամեծ տկարությունն է: Նկատի ունենալով, որ կարգալուծման սույն տնօրինումը եկեղեցական, վարդապետական, ծիսական, կանոնական, կարգապահական ոչ մի հիմք չունի և ընդհակառակը, արդյունք է ընդամենը Կաթողիկոսի վստահված իշխանության չարաշահումի, այս որոշումը հայտարարում եմ անարդար, անընդունելի և ապօրեն»:
Մեկնաբանելով Աբել քահանայի պատասխանը կաթողիկոսին` Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը այն բացարձակ տգիտության արտահայտություն է համարել. «Եթե մինչև հիմա ինքը կաթողիկոսի կողմից կարգ ստացած լինելը պատիվ չի համարել, ինչո՞ւ է շարունակում այդ պատիվները ստանալ թե՛ հավատացյալներից, թե՛ ժողովրդից, ինչպես նաև եկեղեցականներից: Ինքը որպես եկեղեցական շատ լավ պետք է իմանար, որ առաքելական հաջորդականությամբ այդ կարգի ստացումը գալիս է Քրիստոսից ևւ առաքյալներից: Սա հավատքի հիմնական դրույթի նկատմամբ է անհավատություն: Եթե այդ հավատքը եկեղեցականի մեջ գոյություն չունի, անիմաստ է նրա մասին խոսել անգամ անցյալով իբրև հոգևորական»: