Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երեկ ընդունել է Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Խայիմ Մայոր Օրեխային:
Անդրադարձ է կատարվել նաև ներկայիս կյանքի մարտահրավերներին և դրանց լուծման ուղիներին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը նշել է, որ համաշխարհայնացման գործընթացները, տարբեր օտարամուտ երևույթներ խաթարում են հասարակության հոգևոր առողջ ընկալումները և կյանքը, որ դարեր շարունակ խարսխված է եղել քրիստոնեական արժեքների վրա:
Իր հերթին Խ.Մ. Օրեխան խոսել է Եվրոպայում ավանդական արժեքների վերականգնման անհրաժեշտության մասին` նշելով, որ Քրիստոնեական Եկեղեցու հոգևոր առաջնորդները մեծ դեր ունեն Եվրոպայի կյանքում քրիստոնեական արժեքները վերստին ներկայություն դարձնելու գործում: Այս առումով պրն. Օրեխան մեծապես կարևորել է Եկեղեցիների միջև երկխոսությունը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Օրեխային` հոգևոր-բարոյական արժեքների պաշտպանության և պահպանության գործում ցուցաբերած իր նախանձախնդրության և ջանքերի համար: