Երեկ «Հրապարակ» օրաթերթը ԱԺ բակում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին շնորհավորեց եղբոր որդու եւ քաղաքապետ Կարեն Կարապետյանի աղջկա անցյալ կիրակի կայացած հարսանիքի առթիվ. «Փաստորեն Դուք ազգակցական կապեր ունեք տարբեր իշխանությունների հետ, ինչպե՞ս եք հաջողացնում»:
Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ Հարությունյանը բարեկամացավ Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ, ավելի վաղ բարեկամացել էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր հետ:
«Հայաստանում չեմ հանդիպել մի մարդու, որն ազգակցական կապեր չունի մնացած բոլորի հետ»,- հայտարարեց ՍԴ նախագահը: Բայց հատկապես օրվա իշխանության հետ է հաջողվում խնամիանալ:
«Իսկ ո՞վ ասեց՝ օրվա իշխանության: Դուք շատ վատ գիտեք ինձ, իմ ընտանիքը: Հայրս, մայրս ունեցել են 56 թոռ ու ծոռ, եւ չկա հասարակության մեջ էդպիսի շերտ, որի հետ ես բարեկամական կապ չունենամ»:
Իսկ քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ խնամիությունը հեռանկարայի՞ն է, Գ. Հարությունյանը պատասխանեց. «Երեխաներին հարցրեք: Եթե իրար սիրում են, լավ ընտանիք կկազմեն, հեռանկարային է: Ես իրենց ընտանիքին ճանաչում եմ վաղուց, եւ Կարենի միջոցով չէ, որ ճանաչում եմ: Կարենի մաման եղել է համալսարանում իմ դասախոսը: Նույնիսկ մայրական վերաբերմունք ուներ իմ նկատմամբ»,- գրում է թերթը: