Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հերքում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդագրությունը: Ըստ այդ հայտարարության` ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում սպայի կողմից բռնության էր ենթարկվել ժամկետային զինծառայող Ռաֆիկ Հովհաննիսյանը:
ՊՆ մամլո ծառայությունը հայտնում է, որ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել են օպերատիվ աշխատանքներ, որոնց արդյունքում պարզվել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
«Իրականում տեղի է ունեցել հետևյալը. շարքային Ռաֆիկ Հովհաննիսյանին արգելվել է օգտագործել իր բջջային հեռախոսը, քանի որ նա իրավունք չուներ կրել անձնական հեռախոս և կարող էր օգտագործել միայն իր դասակում առկա բջջային հեռախոսը: Իսկ նրա նկատմամբ սպայի կողմից բռնություն գործադրելու մասին լուրերի տարածումը պարզապես ապատեղեկատվություն է և արժանի է համապատասխան հանրային գնահատականի»,-ասված է հայտարարության մեջ: