Բժշկի անփութության պատճառով հիվանդը մահացել է

16

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ավարտվել է բժիշկ-գինեկոլոգ Ֆ. Մադոյանի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, տեղեկացնում են դատախազության լրատվական ծառայությունից:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի բժիշկ-գինեկոլոգ Ֆ. Մադոյանը 2010-ի հունիսի 18-ին պոլիկլինիկայի իր աշխատասենյակում ընդունել է հիվանդ Է. Եղոյանին և վերջինիս հետազոտելու և ախտորոշելու նպատակով, որոշել է վերջինիս արգանդի վզիկից քսուք վերցնել: Նախաքննական մարմնի գնահատմամբ տվյալ բժշկական միջամտությունը կատարելու ընթացքում բժիշկը իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ և դրանց նկատմամբ դրսևորել անփույթ վերաբերմունք, այն է` Է. Եղոյանի արգանդից քսուք վերցնելու համար, առանց անհրաժեշտության, արգանդի վզիկից ներարկել է «Լիդոկային» տեսակի դեղամիջոց, որից Է. Եղոյանը ընկել է անաֆիլատիկ շոկի մեջ և գիտակցության չգալով մահացել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ֆ. Մադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ, հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից ոչ մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու: