«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, խոսելով բանակի շուրջ ծավալված քննադատությունների մասին, նշեց. «Մենք ականատեսն ենք լինում, թե ինչ-որ շրջանակներ, ինչպես են փորձում վարկաբեկել մեր բանակը: Ես կտրուկ դեմ եմ բանակ հաստատության նկատմամբ բոլոր ոտնձգություններին, և դրանք համարում եմ խիստ վտանգավոր մեր ազգի համար»:
Սակայն այս ամենի մեկտեղ էլ վստահ է. «Բանակում կատարվող կոսմետիկ փոփոխությունները փոփոխություններ չեն, մեզ հիմնավոր բարեփոխումներ են անհրաժեշտ: Բանակի 20-ամյակը պետք է պատճառ դառնա ոչ թե խնջույքներ անելու, այլ մտորելու` ինչ անել այն ավելի կայացնելու, դիրքերն ամրապնդելու համար»:
Բանախոսի խոսքով այն ծանր ժամանակներում մենք կարողացանք բանակը կայացնել, չնայած բազմաթիվ դժվարությունների. «1990-ականների սկզբներին իրավիճակը բավական լուրջ էր, և այդ լուրջ ու ծանր իրավիճակում մեզ հաջողվեց բանակը կայացնել` համեմատաբար կայացնել, ի տարբերություն այդ շրջանի պետական այլ հաստատությունների»:
Ներքաղաքական դաշտի զարգացումների մասին խոսելիս, Սեֆիլյանը համոզմունք հայտնեց, որ մեզ մոտ գոյություն ունեն միայն բռնատիրական կարգեր և բռնատեր, և ով ընդունում է բռնատերի կանոնները, ուրեմն օժանդակում է նրա լեգիտիմացմանը:
Սակայն «Սարդարապատ» շարժումը չի մասնակցելու առաջիկա ընտրություններին: Կմասնակցի միայն այս վարչակարգի տապալումից հետո: «Մենք այս ժամանակն օգտագործելու ենք, որպեսզի թույլ չտանք` կյանքի կոչվի այն կարգախոսը, որ հեղափոխությունները միշտ անում են ռոմանտիկները, իսկ իշխանության գալիս են տականքները»,- ընգծեց Ժիրայր Սեֆիլյանը: