Բադալյանի «Իրան. Հանրագիտարան» գրքի շնորհանդեսը Իրանում

25

Սեպտեմբերի 26-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունում իրանահայ մշակութային համայնքի, գրողների եւ լրագրողների մասնակցությամբ տեղի է ունեցել դիվանագետ Գառնիկ Բադալյանի «Իրան. Հանրագիտարան» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակին:

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանի ողջույնի խոսքից հետո հեղինակին իրենց շնորհավորական խոսքն ուղղեցին գրող-բանաստեղծ Վարանդը, հայտնի պարսիկ գրող եւ թարգմանիչ Ահմադ Նուրիզադեն, գրքի հրատարակման բարերար, հայտնի գործարար Լեւոն Ահարոնյանը եւ այլ հյուրեր:

Ելույթ ունեցողներն իրենց տեսակետները, կարծիքները եւ գնահատականները հայտնեցին գրքի մասին` բարձր գնահատելով հեղինակի` Իրանի մասին ունեցած գիտելիքների եւ նման գրքի կազմմանը մեծ պատասխանատվությամբ մոտենալու համար: Նշվեց, որ նմանատիպ հրատարակություն նախկինում չի եղել, ուստի այն կարող է հավասարապես հետաքրքրություն ներկայացնել թե Հայաստանում եւ թե սփյուռքում իրանագետների, ուսանողների, ինչպես նաեւ ընթերցողների լայն շրջանակի համար: Այդ տեսակետից հատկապես արժեքավոր են Իրանի ներքին եւ արտաքին քաղաքականության, նրա առանձնահատկությունների վերաբերյալ փաստագրական ընդարձակ տեղեկությունները, Իրանի պատմական դեմքերի եւ մշակույթի գործիչների կենսագրական տվյալները, իրանահայ համայնքի մասին ներկայացված տեղեկատվությունը, որոնք հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչելու Իրանը եւ ճիշտ գնահատելու վերջինի հետ բազմակողմանի հարաբերությունների անցյալն ու ներկան:

«Իրան. Հանրագիտարան» 880 էջանոց եւ 1800 բառ-հոդված, 1200 նկար եւ քարտեզ պարուանկող գիրքը Գառնիկ Բադալյանի Իրանի մասին հրատարակած երրորդ գիրքն է:

Շնորահանդեսի ավարտին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ հանձնեց հայտնի պարսիկ գրող եւ թարգմանիչ Ահմադ Նուրիզադեին, ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր` Շերլի Ավետյանին եւ ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիր մայրենի լեզվի ուսուցիչ Արմինե Հովհաննիսյանին: