ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը համոզմունք հայտնեց, որ 2013թ-ի նախագահական ընտրություններին իրենց կուսակցությունը սատարելու է նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ չսատարելու առիթ չկա:
«Մենք առիթ չունենք նախագահին չսատարելու համար: Թեև ես զերծ եմ մնում իմ ղեկավարի անունից խոսել, բայց մենք ունենք փաստաթուղթ որը ենթակա չէ փոփոխման»,-ասաց Վարդան Բոստանջյանը:
Իսկ մամուլում տարածված լուրերը, որ երկու կուսակցությունների միջև տարաձայնություններ ու լարվածություն կա, ըստ Բոստանջյանի նորմալ երևույթ է. «Ինչպես մամուլն է ասում, հրաձգություններ կամ ճնշումներ չեն եղել, բայց ընտրություններից առաջ նորմալ է, որ կա լարվածություն: Ճնշում չեմ ուզում որակել, բայց կարգ ու կանոնի պահպանության հարց կա: Սակայն դա պետք չէ որակել որպես ճնշում»:
Ինչ վերաբերվում է կոալիցիայի ղեկավարների հանդիպմանը, պատգամավորը շեշտեց, որ նորմալ և լավ ընտրությունների համար կարևոր են նմանատիպ հանդիպումերը:
ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև առկա անվստահությունը, կամ առավել ևս` ներքին պայքարը, ըստ Բոստանջյանի մամուլի ինտրիգների շարքից է, քանի որ «ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև վստահության դեֆիցիտ գոյություն չունի: Երկուսն էլ մեկ նպատակ ունեն` Հայաստանը բարգավաճ տեսնել»:
Իսկ Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությունները, որ ինքը ցանկանում է մասնակցել ընտրություններին, այն էլ ԲՀԿ-ի հետ, Բոստանջյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն նման քննարկումներ չի ունեցել, Օսկանյանի իր ցուցակում ներառելու համար: